Մարդիկ դարեր շարունակ գրել են առաջնորդություն թեմայով և քննարկել են այն:

Այս թեմայի շուրջ իմ ամենասիրելի ասույթներից մեկը պատկանում է կառավարման խորհրդատու և հեղինակ Սթիվեն Քովիին: Նա ասել է.

«Եթե կարողանաս աշխատանքի ընդունել մեկին, ում տարերքը կհամապատասխանի իր աշխատանքի հետ, նա ընդհանրապես վերահսկման կարիք չի զգա: Նա ցանկացած մարդուց ավելի լավ կկարողանա վերահսկել ինքն իրեն: Նրա խանդավառությունը ներքուստ է, ոչ թե արտաքուստ»:

Քովիի նկարագրածը հաստատում է իմ փորձառությունը: Արդյունավետ առաջնորդության գաղտնիքը համապատասխան մարդկանց գտնելն է, ովքեր կլանված են իրենց աշխատանքով, նրանց այնպիսի հանձնարարություններ տալն է, որոնք համապատասխանում են իրենց հմտություններին ու հետաքրքրություններին և նրանց թույլ տալն է, որ արարեն և բարձունքի հասնելու կարողություն ունենան:

Որոշ դեպքերում գործունեության բարձրակետին հասնելու համար նույնիսկ անհրաժեշտ է լինում փոփոխություն կատարել աշխատանքային նկարագրության մեջ, որպեսզի համապատասխանի աշխատակցի հմտություններին և տարերքին:

Աշխատանքի ընդունի՛ր որակավորված և տաղանդավոր մարդու, ստեղծի՛ր նպաստավոր միջավայր, հետո ձեռքերդ ծալած նստի՛ր, տե՛ս և վայելի՛ր, թե ինչպիսի հրաշքներ են գործում տաղանդն ու ստեղծագործունեությունը:

Հետևյալն առաջնորդության մի քանի բանալի-հատկանիշներ են, որոնք նպաստում են առաջընթացի և գործունեության բարձրակետին հասնելուն:

Զգացմունքային ներդաշնակություն: Լավ առաջնորդներին սպառնալիք չեն ներկայացնում որակավորված, փայլող աստղերը: Նրանք իրականում իրենց շրջապատում են նմանատիպ մարդկանցով: Նրանց չի վախեցնում նրանց հետ համեմատվելիս թույլ և խամրած երևալը:    

Համեստություն: Մեծ առաջնորդները մեծամիտ չեն, նրանք փառաբանվելու և գովաբանության կարիք չունեն: Նրանք հաճույք են ստանում արժանի մարդկանց փառք և գովաբանություն տալիս:    

 Իշխանություն տալ: Ազդեցիկ առաջնորդները չեն վախենում որակավորված մարդկանց արտոնություն և որոշում կայացնելու իշխանություն տալուց: Նրանց պետք չէ ամեն ինչ կառավարել:

Ես ինձ համարում եմ բախտավոր մարդ, ով շրջապատված է նպատակասլաց և որակավորված մարդկանցով: Նրանք նախաձեռնում, իրականացնում, բարձունքների և հաջողության են հասնում: Որպես արդյունք՝ կազմակերպությունը հաջողության է հասնում, և բոլորը վայելում են դրա պտուղները:

Ես չեմ թաքցնում այն փաստը, որ իմ աշխատողների հաջողություներն ինձ նույնպես լավ համբավ են բերում: Ինչո՞ւ ոչ:

 

Հարութ Ներսեսսյան

ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ

Facebook Comments