Մեզանից նրանք, ովքեր ունեն փոքր երեխաներ մեծացնելու հաճույքն ու մարտահրավերը, հաճախ հակված են կառավարել նրանց, հատկապես, երբ նրանք մեզ հետ են՝ հյուր գնալիս կամ գնումներ կատարելիս: Մենք մեզ պատասխատատու ենք զգում նրանց վարքի և գործողությունների համար՝ լինեն նրանք փողոցում, խանութում, թե ինչ-որ մեկի տանը:

Երեխաների խնդիրը նրանում է, որ նրանք կառավարվում են իրենց հույզերով, և նրանց համար միևնույն է, թե ինչպես են իրենց գործողությունները ազդում մյուսների վրա: Նրանք կարող են լացել կամ բարձրաձայն խոսել՝ համերգի ժամանակ խանգարելով մյուսներին: Խանութներում նրանք կարող են ձեռք տալ, վերցնել, գցել կամ դարակներից հանել ապրանքները: Երեխաները կարող են վազել նեղլիկ շարքերով՝ կոտրելով ապրանքները: Ուրիշների տուն հյուր լինելու ժամանակ նրանք խնդիր չունեն՝ իրենց մատները տորթի կրեմի մեջ մտցնել :

Որպես լավ ծնողներ՝ մենք մեր լավագույնն ենք անում՝ պատասխանատվություն վերցնելու մեր երեխաների համար և թույլ չենք տալիս նրանց խանգարել շրջապատի մարդկանց, փչացնել խանութի ապրանքը կամ տորթի զարդարանքը: Մենք պատասխանատու ենք զգում մեր երեխաների համար և մեր լավագույնն ենք անում՝ ետ պահելով նրանց այլոց խանգարելուց, շեղելուց կամ անհարմարություն պատճառելուց:

Երեխաների վարքը հիմնված է լոկ իրենց կամակորության վրա՝ առանց հաշվի առնելու մյուսներին:

Հիմա, եկեք դիտարկենք մեր հույզերը: Դրանք հաճախ արտահայտվում են այնպես, ինչպես երեխաների մոտ՝ առանց հաշվի առնելու մյուսներին: Պատկերացրեք նման իրավիճակ.

Դուք նստած եք Ձեր գրասեղանի առջև՝ կենտրոնացած լինելով որևէ առաջադրանքի վրա: Ձեր գործընկերը մտնում է սենյակ և հարց է ուղղում Ձեզ: Դուք բարկանում եք՝ նրա կողմից շեղվելու համար և բորբոքվում եք, որ նա Ձեզ անհանգստանցում է ինչ-որ “հիմար” հարցով: Սա բարկության հույզն է Ձեր մեջ, որն արտահայտվում է՝ գրեթե հաշվի չառնելով Ձեր գործընկերոջը՝ ինչու՞ նա մոտեցավ Ձեզ, կամ ինչպե՞ս նա զգաց իրեն կամ արձագանքեց Ձեր կոպիտ պատասխանին:

Ահա ևս մի քանի օրինակ ամենօրյա կյանքից:

  • Ձեր ամուսինը մոռանում է Ձեր ծննդյան օրը…օ՜հ… Դուք դավաճանված, հիասթափված և բարկացած եք: Գրեթե չհետաքրքրվելով, թե որն է նրա մոռացկոտության պատճառը` դուք փքվում եք, հրաժարվում եք խոսել և փչացնում եք ընտանեկան մթնոլորտը:
  • Դուք անհաջող աշխատանքային օր եք ունեցել և տուն եք գնում վրդովված և ճնշված: Չեք ժպտում, բղավում եք Ձեր կնոջ վրա, որովհետև ճաշը պատրաստ չէ և ճչում եք երեխաների վրա՝ աղմկելու համար:
  • Ձեր գործընկերը ստանում է այն պաշտոնը, որն ինքներդ ստանալու հույս ունեիք: Ձեր նախանձը, որը գալիս է ցածր ինքնագնահատականից, սկսում է գլուխ բարձրացնել, և դուք արհամարհում եք Ձեր գործընկերոջը՝ հրաժարվելով համագործակցել նրա հետ:

Այնուհետև այստեղ-այնտեղ ասում եք, թե որքան անարժան է նա այդ պաշտոնին:

  • Ձեր երեխան տուն է գալիս ցածր գնահատականներով: Հիասթափության գագաթնեկետին հասնելով, որը բխում է ձեր հպարտությունից (ինչպես իմ զավակը կարող է ինձ անհարմար վիճակի մեջ դնել՝ ձախողվելով դպրոցում)՝ դուք պիտակավորում եք նրան՝ որպես “հիմար”, “ձախորդ” և “անհաջողակ”: Դուք կոտրում եք նրա ինքնավստահությունը և ուժեղացնում նրա ցածր ինքնագնահատականը՝ հետագայի համար նվազեցնելով նրա՝ ավելի լավ սովորելու հնարավորությունները:
  • Դուք ինչ-որ մեկին խնդրում եք Ձեզ պարտքով փոքր գումար տրամադրել: Նա մերժում է: Դուք խորապես հիասթափված եք, որովհետև կարծում էիք, որ նա Ձեր ընկերն է, իսկ ընկերները կարիքի ժամանակ միմյանց օգնում են: Ուստի Դուք Ձեր ժամանակը ծախսում եք՝ նրա մասին ուրիշների մոտ չարախոսելով: Ձեր երկար տարիների ընկերությունը վնասներ է կրում:

Նման իրավիճակներում մեր հույզերը (բարկություն, նախանձ, վախ, հիասթափություն և այլն) գլուխ են բարձրացնում: Դրանք կառավարում են մեզ և ցավ պատճառում մեր սիրելիներին՝ վնասելով արժեքավոր փոխհարաբերությունները և ուրիշների հեղինակությունը: Հույզերը երեխաների նման պետք է կառավարվեն: Մենք պետք է ինքներս մեզ վարժեցնենք՝ վերահսկել սեփական հույզերը և դրանք կառուցողականորեն արտահայտել` թույլ չտալով, որ վերջիններս լուրջ վնասի պատճառ դառնան:

Facebook Comments