Վստահությունը կյանքի սոսինձն է: Այն արդյունավետ հաղորդակցման ամենաանհրաժեշտ բաղադրիչն է։ Դա այն հիմնային սկզբունքն է, որը պահում է բոլոր հարաբերությունները

Սթիվեն Քովի

Աշխատանքում սխալ թույլ տալը կամ հանձնարարությունը կատարելու մեջ ձախողվելը բնական է և սպասելի:

Մինչդեռ մեր կարիերան մեծապես կախված է նրանից, թե ինչպես ենք մենք վարվում սեփական սխալների հետ:

Մեր բնական հակվածությունը սեփական սխալները ծածկելն է և մեր սխալի համար ուրիշին մեղադրելը: Մենք չենք ուզում դիտարկվել որպես սխալվելու հակում ունեցող կամ ոչ իրազեկ մարդ: Մինչդեռ ազնվության և թափանցիկության երկարաժամկետ օգուտը մեծապես  գերազանցում է սխալը կոծկելու կարճաժամկետ շահը:

Սխալը կոծկելը կամ այն ուրիշի վրա բարդելը ի վերջո բացահայտվում է: Դու կարող ես դրանցում հաջողվել ընդամենը մի քանի անգամ: Վաղ թե ուշ, մարդիկ կզգան թաքցնելու և ուրիշի վրա բարդելու քո վարքագիծը և քեզ կորակեն որպես անազնիվ մարդ: Նրանք քո կողմից ասված ամեն բան հարցականի տակ կդնեն, և հավանաբար նույնիսկ քո շատ արարքների հիմքում ընկած շարժառիթները: Դու կկորցնես վստահելիությունդ, և մարդիկ այլևս քեզ չեն հավատա, նույնիսկ երբ ճշմարտությունն ասես:

Նման մարդիկ իրենց աշխատանքում կամ անձնական կյանքում հաջողություն չեն կարող ունենալ:

Մյուս կողմից, սեփական սխալն ընդունելը կարող է ժամանակավորապես հիասթափեցնել քո գործընկերներին և ղեկավարին: Մինչդեռ, դու ազնիվ մարդու համբավ կստեղծես: Մարդիկ կհավատան և կվստահեն քեզ: Բացի դրանից, դա հնարավորություն կտա քեզ ու քո ղեկավարին՝ հասկանելու, թե ինչումն էր խնդիրը և ինչպես կանխել նույն սխալն ապագայում: Ընթացքում դու սովորելու պատրաստակամություն կդրսևորես և իրապես կսովորես ՝ նոր գիտելիք և փորձ ձեռք բերելով:

Ազնվության և վստահության հեռահար օգուտը մեծապես գերազանցում է թաքցնելու կամ կոծկելու կարճատես շահը: Ավելին, ազնվության պատճառած կարճատև “վնասը” աննշան է մարդու հեղինակությանը հասցված վնասի և աճելու կորցրած հնարավորության համեմատ:

Սխալների հետ վարվելու լավագույն ճանապարհը դրանք ընդունելը, խոստովանելն ու բարեփոխվելն է՝ այդ սխալները կրկնելուց խուսափելու համար:

Ազնվությունը միշտ լավագույն քաղաքականությունն է:

Հարութ Ներսեսսյան

Facebook Comments