Շատ երկրներում, այդ թվում Հայաստանում, Կանադայում, Գերմանիայում, Ռուսաստանում, հոկտեմբերի 5-ը նշվում է որպես Ուսուցչի միջազգային օր:

Ո՞րն է ուսուցիչներին գնահատելու և նրանց նկատմամբ մեր վերաբերմունքն արտահայտելու լավագույն եղանակը: Արդյո՞ք բավական է մեր ուսուցիչներին հոկտեմբերի 5-ին ծաղիկներ նվիրելը, թե՞ անհրաժեշտ է այլ արժեքավոր նվեր կամ դրամական պարգև: Չէ՞ որ Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը, համեմատած զարգացած երկրներում ուսուցչի աշխատավարձի հետ, բավական ցածր է, և նյութական խրախուսանքը կարող է ոգևորել ուսուցիչներին: Խոսքն, իհարկե, ուսումնական հաստատության կողմից տրվող դրամական պարգևի կամ աշխատավարձի բարձրացման մասին է: Բարձրացնելով ուսուցչի աշխատավարձը՝ առավել կընդգծենք նրանց աշխատանքի կարևորությունն ու կենսականությունը սերունդների դաստիարակության և կրթության հարցում:

Ուսուցչի տոնին գնահատված զգալն, իհարկե, վատ չէ, բայց մի՞թե իսկական ուսուցիչն աշխատում է հանուն նվերի կամ քաջալերական խոսքի: Մի՞թե նրան ոգևորում է միայն աշխատավարձի չափը:

Մեր կարծիքով նման քայլերը շարժիչ ուժ չեն ուսուցիչների համար և բավական չեն կրթական համակարգի բարելավման համար: Մենք չենք կարող պատշաճ կերպով գնահատել ուսուցիչներին՝ առանց գիտակցելու կրթության կարևորությունը և ուսուցիչների հիմնական դերն այն արդյունավետ դարձնելու հարցում:

Լավ կրթված հասարակությունը տնտեսական զարգացման և առողջ ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է: Կրթությունն ամենալավ նվերն է, որ կարելի է տալ երեխային: Արդյունավետ կրթական համակարգը լավագույն նվերն է, որ ազգը կարող է պարգևել ինքն իրեն:

Կրթությունը մեր երկրի տնտեսական և քաղաքական զարգացման կարևորագույն և հիմնական նախապայմանն է, իսկ ուսուցիչները՝ ժողովրդի կրթական համակարգի ամենակարևոր բաղադրիչները:  Լավ  ուսուցիչը իր ամենօրյա աշխատանքով  խթանում է մեր երկրի զարգացումը:

Ուսուցիչներին գնահատելու լավագույն միջոցներից մեկը կրթական համակարգի մակարդակի բարձրացումն է: Սա թույլ կտա, որ ուսուցիչը հպարտանա իր մասնագիտությամբ և ձգտի ավելի արդյունավետ աշխատելու:

Ներկայացնում ենք մի քանի կարևոր քայլեր, որոնք մեր կարծիքով կնպաստեն Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը.

  • բարձրացնել ուսուցչի դերը նոր սերնդի հայեցի դաստիարակության գործում,
  • ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի առավել մեծ թվով տաղանդավոր և բանիմաց  մարդիկ ընտրեն այս մասնագիտությունը,
  • ուսուցիչներին տալ աշխատանքային և ստեղծագործական ազատություն,
  • խրախուսել նրանց  նախաձեռնողականությունը  և ստեղծագործ միտքը,
  • ուսուցիչներին հնարավորություն ընձեռել շարունակ սովորելու և զարգանալու, ինչպես նաև հարկ եղած դեպքում կրթությունը շարունակելու,
  • ստեղծել արդյունավետ մեխանիզմներ՝ ուսուցչի արդյունավետությունը գնահատելու և բարձրացնելու համար,
  • երեխաների կրթության և դաստիարակության գործում ավելի մեծացնել ծնողների ներդրումը՝ ամրացնելով ու զարգացնլով ծնող-ուսուցիչ կապը:

Այս բարեփոխումները խիստ կարևոր են և կենսական: Մեր երեխաներն արժանի են լավագույն կրթությանը, որ կյանքը կարող է առաջարկել: Մեր ազգն արժանի է, որ դեպի  ապագա իրեն առաջնորդեն կիրթ, բանիմաց և  բարոյական ու մասնագիտական բարձր որակներով օժտված  անձինք:

Եկե՛ք բարելավենք մեր կրթական համակարգը՝ դարձնելով այն լավագույնը: Այս ամենի շնորհիվ մեր ուսուցիչն իրեն կզգա առավել գնահատված ու կարևոր, ինչն էլ իր հերթին կնպաստի կրթության առաջընթացին: