Աստված մեզ ստեղծել է զանազանության մեջ, և դա շատ լավ է։ Պատկերացրեք, թե ինչքան ձանձրալի կլիներ, եթե բոլորս նույն կերպ մտածեինք, ունենայինք նույն ճաշակը, կիսեինք մեկս մյուսի հետաքրքրությունները և աշխարհայացքը։

Զանազանությունը կյանքը դարձնում է հետաքրքիր և ճոխ։

Ոմանք իրենցից տարբերվող մտածելակերպ, ճաշակ, մտահորիզոն, արժեքային համակարգ ունեցող մարդկանց նայում են որպես թշնամի կամ հակառակորդ, այլ ոչ թե՝ մարդու, ով կկարողանա իր մտահորիզոնները ընդլայնել, մտքի նոր դռներ բացել և նպաստել շրջապատի զարգացմանը։

Սա ավելի քան հասկանալի է։ Մեզ համար շատ դժվար է տեսնել և ընդունել կարծիքներ, որոնք տարբեր են մեր տեսակետներից։ Պատմությունը ցույց է տալիս, որ նոր մոտեցումները, նոր աշխարհայացքը, նոր մտածելակերպը միշտ մեծ դիմադրության է հանդիպել։ Սևամորթները ԱՄՆ-ում երկար տասնամյակներ պայքարեցին՝ սպիտակամորթների հետ հավասար իրավունք ունենալու համար։ Հայաստանում քրիստոնեությունը մեծ խոչընդոտների հանդիպեց, և նրա հետևոդները հալածվեցին իշխանավորների կողմից, մինչև 301թ.-ին նրա պետական կրոն դառնալը։ Իսկ այժմ մենք երախտապարտ ենք այդ հերոսներին մեր քրիստոնեական հավատքի համար։

Երբ մենք համախմբում ենք իրարից տարբերվող մի քանի տեսակետների կամ մտածելակերպերի ներուժը, սովորաբար դրա արդյունքը շատ ավելի հզոր է, քան դրանցից յուրաքանչյուրը՝ առանձին վերցրած։

Մենք պետք է հստակեցնենք, որ չենք քարոզում հանդուրժողականություն այն արժեքների և գաղափարների նկատմամբ, որոնք վնասում են ազգը և նրա բարոյական արժեքները։

Մարտի 1-ը Խտրականութան դեմ պայքարի օրն է։ Եվ մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին, որ փառք տան Աստծուն բոլոր նրանց համար, ովքեր տարբեր հայացքներ ունեն և փորձեն հասկանալ, ընդունել և թերևս համագործակցել տարբեր մարդկանց հետ՝ հօգուտ իրենց ազգի և անձնական զարգացման։

Եկեք ընդլայնենք մեր մտահորիզոնը, աշխարահայացքը և ավելի հարստացնենք մեր կյանքը՝ չհանդուրժելով խտրականությունը։

Լինենք անհանդուրժող՝ անհանդուրժողականության նկատմամբ:

Հարութ Ներսեսսյան