1950 թ. ի վեր աշխարհի շատ երկրներ, այդ թվում և Հայաստանը, հունիսի 1-ը նշում են որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: 1955 թ. սեպտեմբերի 9-ին ուժի մեջ մտավ ՄԱԿ-ի` Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան: Հարյուր իննսուն երկրներ, այդ թվում և Հայաստանը, ստորագրեցին այս կարևոր փաստաթուղթը, որում ներկայացված են երեխայի իրավունքները: Փաստաթղթի պարզեցված տարբերակը տե՛ս այստեղ:

Մենք բոլորս սիրում ենք երեխաներին: Նրանք երջանկություն են բերում իրենց ծնողներին և ընտանիքի մյուս անդամներին: Նրանց միամիտ,  անմեղ հարցերն ու մեկնաբանությունները ստիպում են մեզ ծիծաղել: Մենք հուզվում ենք նրանց ամեն նոր ձեռքբերումից, անչափ ուրախանում  երեխայի  առաջին քայլերով և պատմում բոլորին նրանց արտաբերած առաջին բառերը: Մենք մեծ հպարտությամբ ենք նշում մեր երեխայի ծննդյան օրը` միաժամանակ նշելով նաև երեխային դաստիարակելու և մեծացնելու մեծ ձեռքբերումը:

Յուրաքանչյուր ծնողի առաջնային նպատակն է կերակրել, պաշտպանել և կրթել իր երեխային: Ծնողներն ուզում են իրենց երեխաների մեջ տեսնել հասուն, կենսունակ չափահասների, որոնցով կհպարտանան:
ՄԱԿ-ի` Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 54-րդ հոդվածի նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր երեխա ապրի անվտանգ և առողջ միջավայրում, որը կնպաստի երեխայի առողջ զարգացմանն ու հասունացմանը:

Դժբախտաբար, ոչ բոլոր ծնողներն են պատրաստ կամ ունակ ապահովելու իրենց երեխաների պաշտպանությունը, սնունդը և կրթությունը, որոնք անհրաժեշտ են երեխային հասուն և հասարակությանը պիտանի մարդ մեծացնելու համար: Գոյություն ունեն  շատ խոցելի, ոչ լիարժեք և անառողջ ընտանիքներ, որտեղ ապրող երեխաները չեն ստանում առողջ զարգացման համար անհրաժեշտ սեր ու դաստիարակություն:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ հայ երեխաների 40 %-ից ավելին աղքատության մեջ է ապրում: Այս երեխաները բավարար չափով չեն սնվում, ավելին` ավելի քան 100,000 երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, ովքեր երեկոյան անկողին են մտնում հանապազորյա հացի կարոտով:

Ըստ ՀՕՖ-ի (Հայ օգնության ֆոնդ)` երեխայի խնամքի`  Երևանում գործող կենտրոնում ապրող երեխաների 77 %-ը բռնության է ենթարկվել:

Աղքատության մեջ ապրող և բռնության ենթարկվող շատ երեխաներ չունեն առողջ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ: Հետագայում նրանք չեն կարողանում կենտրոնանալ իրենց դասերի վրա և ցածր առաջադիմություն են ցուցաբերում դպրոցում:

Այս հարցը փոխկապակցված շղթայի է նման, որը հասարակությանը պահում է վատ կացության մեջ: Նման միջավայրում ծնված և դաստիարակված երեխաները հաճախ ամուսնանում են՝ կազմելով նման անառողջ ընտանիքներ և ունենալով երեխաներ, որոնք մեծանում են՝ դառնալով հասարակությանը ոչ պիտանի և խնդրահարույց քաղաքացիներ:

Այս շղթան կոտրել է պետք:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը, համագործակցելով և՛ ՀՀ կառավարության, և՛ մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնք նպաստում են խոցելի համարվող այս երեխաների`  արժանապատիվ քաղաքացիներ դառնալուն:

Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության և ՀԿ-ների գործադրած ջանքերը այս հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ: Եվ չնայած որոշակի առաջընթաց է գրանցվել` արդյունքներն, այնուամենայնիվ,  գոհացուցիչ չեն: Շատ ավելին պետք է արվի:

Երեխայի բարեկեցությունն ընտանիքի համար պետք է լինի առաջնային: Ե՛վ կառավարությունը, և՛ հասարակական կազմակերպությունները պետք է իրենց գերակա խնդիրը դարձնեն երեխայի բարօրության ու առողջ զարգացման ապահովումը:

Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք` վերացնելու աղքատությունն ու բարելավելու մեր կրթական համակարգը՝ ապահովելով, որ յուրաքանչյուր հայ երեխա կարողանա բացահայտել իր ողջ ներուժը:

Բացի այդ` մենք պետք է միահամուռ գործենք: Մի շարք կազմակերպություններ երեխաների պաշտպանության հարցում շատ արդյունավետ են  աշխատում: Այնուամենայնիվ, սերտ համագործակցությունը շատ ավելի մեծ արդյունք կտա:

Եկե՛ք բոլորս ձեռնամուխ լինենք մեր ազգի ժառանգների բարեկեցության խնդրի լուծմանը: Հետագա սերունդները դրա համար մեզ երախտապարտ կլինեն:

Հարութ Ներսեսսյան