mayrikԶորավոր է այն ազգը,
որն ունի զորավոր ընտանիքներ:
Մուրացան

Ճիշտ այնպես, ինչպես մյուս տոնական օրերին, մենք այսօր էլ կլսենք թե՛ ընտանիքին նվիրված  բարեմաղթանքներ, թե՛ ուշագրավ փաստերով ու չոգևորող վիճակագրությամբ հագեցած  զրույցներ, ականատես կլինենք հանդիսավոր պաշտոնական միջոցառումների, որտեղ կխոսվի ընտանիքի՝ որպես սոցիալական միավորման կարևորության մասին, և նորից կհնչեն ընտանիքին վերաբերող հիմնահարցերը՝ իրենց հնարավոր լուծումներով:

Այս ամենը միանշանակ կարևոր է: Ինչևէ, եկեք այսօր փորձենք առանց շտապելու ապրել ընտանիքի օրը՝ դրա մեջ տեսնելով և գնահատելով ամենապարզ, լուծումներ չպահանջող, կյանքին համ ու հոտ տվող այն իրողությունները, որոնք էլ այդքան քաղցր ու անփոխարինելի են դարձնում ընտանիքը: Բոլորիս ծանոթ ու սրտամոտ է այն տաք կերակուրի հարազատ բույրը, խնամքով արդուկված հագուստը, ընտանիքը իր գիտեցած ձևով պաշտպանելու և ապահովելու հայրական փափագը,  զավակներին սահման կամ ուրիշ ընտանիք ճանապարհող ծնողների արցունքները, երեխայի անմեղ ծիծաղը, երբեք չմոռացվող խրատական խոսքերը, երբեմն անմիտ վեճերը, միմյանց անզգուշորեն պատճառած ու ներված ցավը և այն միակ հանգրվանը, որտեղ անկատար մարդիկ միշտ սպասում են իրար, անկախ նրանից, արժանացել են դրան, թե ոչ:

Մեզանից յուրաքանչյուրի համար ընտանիքը եզակի ու թանկ բառ է: Մենք՝ մարդիկս, այնքան տարբեր ենք, բայց ընտանիքը վերցնում է մեր այդ տարբերությունները և, ալյուրի պես հունցելով դրանք, ստանում է ավելի հարուստ ու ամբողջական մի զանգված, որտեղ յուրաքանչյուրը, ակամայից կորցնելով իր եսը, սկսում է սիրով ծառայել ավելի մեծ նպատակի:

Հայրենիքն էլ մի մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրս ունենք մեր եզակի ու կարևոր դերը, և ամեն մեկս կկարողանանք հաջողությամբ իրականացնել այն, եթե, հանուն ավելի մեծ նպատակի, թույլ տանք, որ մեր եսը միաձուլվի և ամբողջանա հայրենիք գաղափարի և ընդհանուրի բարօրության հետ:

Այս լույսի ներքո ավելի լավ ենք սկսում հասկանալ մեծ գրողի խոսքերը, քանի որ ընտանիքի արժեքն ու կարևորությունը հասկացած ու դրանում իր եսը «կորցրած» մարդն է, որ սկսում է իսկապես ըմբռնել ազգի, հայրենիքի ու մայր հողի գաղափարը:

Հիշեցնենք, որ Հայ Ավետարանչական Ընկերակցությունը, հավատարիմ իր ազգանվեր առաքելությանը, շուրջ 100 տարի է, ինչ ամբողջ աշխարհում և  երկու տասնամյակ՝ Հայաստանում և Արցախում, իր հոգևոր-մշակութային, սոցիալ-կրթական, մարդասիրական և այլ ծրագրերով նպաստում է հայ ընտանիքների և հայ ազգի հզորացմանը:

Քրիստինա Սիմոնյան

ԱՀԱԸ Սոցիալական ծրագրերի բաժնի պատասխանատու,

Անհատական զարգացման քոուչ

Facebook Comments