Job Satisfaction2004թ. «Forbes» ամսագիրը, հիմնվելով «Conference Board» նյույորքյան հետազոտական խմբի ուսումնասիրության վրա, հաղորդեց, որ ամերիկացիների 52,3%-ը բավարարված չէ իր աշխատանքից: 2016թ. հուլիսին «Wall Street» ամսագիրը հաստատեց դա` գրելով. «Անցած տարի ամերիկյան աշխատողների կեսից քիչը վկայեց, որ բավարարված է զգում իր աշխատանքից»:

Մարդկանց մեծամասնությունը տհաճությամբ է վերաբերվում իր աշխատանքին և անհամբեր սպասում շաբաթվա վերջին: Հանգստյան օրերն այնքան արագ են ավարտվում, որ նրանք չեն էլ զգում, թե ինչպես եկավ երկուշաբթի առավոտը: Մի մուլտային պատկերում մեկն ասում է իր ընկերոջը. «Ես սիրում եմ իմ աշխատանքը, բայց ատում եմ գործը»: Շատերի համար աշխատանքն անհրաժեշտ չարիք է, որը ստիպված պետք է տանեն՝ իրենց գոյությունը պաշտպանելու համար:
Հասկանալի է, թե ինչու են մարդիկ իրենց այդպես զգում: Աշխատանքը կարող է ձանձրալի և միապաղաղ լինել՝ առանց առաջխաղացման հեռանկարների: Ոմանք ստիպված են գործ ունենալ անտաշ ղեկավարների և անմիտ գործընկերների հետ: Շատերը մտածում են, որ ավելի բարձր աշխատավարձի են արժանի: Մյուսները չգնահատված են զգում, հատկապես նրանք, ում ղեկավարները ստանում են իրենց կատարած աշխատանքի ողջ վաստակը:
Իրավիճակն ավելի վատ է զարգացող երկրներում, որտեղ աշխատանքային օրենսդրությունը անհամապատասխան է կամ չի գործում: Որոշ երկրներում մարդիկ աշխատում են օրական 12 ժամ՝ շաբաթը 6 կամ նույնիսկ 7 օր, և հաճախ ամենավատթար պայմաններում:

Մենք անշուշտ պետք է հնարավորինս ջանք գործադրենք՝ աշխատանքային պայմանները բարեփոխելու համար: Առանձին աշխատողները պետք է ջանք չխնայեն իրենց կենսապայմանները բարելավելու համար՝ բարձրացնելով աշխատանքային արդյունավետությունը, զարգացնելով հմտությունները և հավաքականորեն պահանջելով ավելի լավ աշխատանքային պայմանների ապահովում: Նման ջանքերը առատորեն վարձատրվել են:

Մինչդեռ, կա նաև հարցի մյուս կողմը:

Աշխատանքիս հետ կապված սեփական զգացումներս այդ գործի հանդեպ իմ անձնական արձագանքն է:  Փոխելով իմ տեսանկյունը՝ ես կարող եմ աստիճանաբար բարելավել աշխատանիքս հետ կապված իմ զգացումները:

Անկախ աշխատանքային պայմաններից՝ տվյալ աշխատանքի համար շնորհակալ լինելու շատ պատճառներ կան: Աշխատանքը կարող է մեզ հնարավորություն տալ՝

  • հոգալ սեփական կարքիները և կերակրել մեր երեխաներին,
  • ապրել արդյունավետ կյանքով,
  • սովորել, աճել, հասունանալ,
  • հանդիպել նոր մարդկանց և արժեքավոր փոխհարաբերություններ ձևավորել,
  • բազմազանություն մտցնել մեր կյանք և մեզ ետ պահել ձանձրույթից,
  • կերտել մեր ինքնագնահատականը, երբ արժանանում ենք գովասանքի և գնահատանքի:

Մինչդեռ աշխատանքի ամենակարևոր և ամենաքիչ գնահատվող կողմը ծառայելու, հասարակության մեջ ներդրում ունենալու և մարդկային կյանքի որակը բարեփոխելու հնարավորությունն է:

Եսակենտրոն կյանքը, որը գլխավորապես հաճույք և անձնական բավականություն է հետապնդում, ի վերջո կհիասթափեցնի և մեր մեջ դատարկության զգացում կառաջացնի: Ծառայության և ներդրման կյանքը, մյուս կողմից, լիակատար ուրախություն կպարգևի:

Այն օրհնությունները, որոնք մենք այսօր վայելում ենք, մեր նախորդ սերունդները նույնիսկ երևակայել չէին կարող. համաշխարհային կրթություն, մահացու հիվանդությունների բուժում, վայրկյանական հաղորդակցություն, համակարգիչներ, համացանց, արագ փոխադրում, ժողովրդավարություն, սոցիալական բարեփոխումներ, կենսաթոշակներ և այլ սոցիալական ծրագրեր, և, այո, շատ ավելի լավ աշխատանքային պայմաններ: Այս ամենը հնարավոր է դարձել, քանր որ մարդիկ աշխատել, ստեղծել և արդյունք են տվել: Այս առաջխաղացումները իրականություն են դարձել նորարար և կյանքի տեսլական ունեցող մարդկանց շնորհիվ: Մինչդեռ, դրանք չէին կարող հնարավոր դառնալ առանց  «սովորական» մարդկանց աշխատանքի, ովքեր աջակցում են այս հերոսներին:

Պատերազմի ժամանակ որոշ զինվորներ մարտնչում են առաջին գծում: Մյուսները նրանց աջակցում են մարտավարությամբ, զինամթերքով, սննդով և բժշկական օգնությամբ: Երկու գործառույթներն էլ կարևոր են: Առանց վերջինների առաջինները չեն կարող հաղթել պատերազմում:

Յուրաքանչյուր աշխատող կարող է հպարտանալ և գոհունակություն զգալ իր աշխատանքից՝ անկախ դրա տեսանելիությունից, հեղինակությունից և վարձատրումից: Բոլոր օրինական աշխատանքներն էլ կարևոր են և նպաստում են մարդկության բարեկեցությանն ու առաջխաղացմանը:

Harout Nercessian

Հարութ Ներսեսսյան
ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ

linkedin-512

Թարգմանեց՝ Քրիստինա Սիմոնյանը

Facebook Comments