Հարութ Ներսեսսյան

Մարդ արարածներն օժտված են հուզական և ռացիոնալ մտքով: Դրանցից յուրաքանչյուրը ունի շատ կարևոր գործառույթներ՝ լիարժեք կյանքով ապրելու համար: Երբ որոշում ենք կայացնում, այդ երկուսը կարող են մեզ բոլորովին իրար հակասող գործողություններ թելադրել: Օրինակ, Ձեր հուզական միտքը կարող է առաջարկել ամուսնանալ կոնկրետ աղջկա հետ, քանի որ Դուք սիրում եք նրան, մինչ Ձեր ռացիոնալ միտքը կարող է ընդունել Ձեր ծնողների խորհուրդը և առաջարկել՝ հեռու մնալ նրանից, որովհետև նրա ծագումը և հետաքրքրությունները չեն համապատասխանում Ձեզ:

Ու՞մ լսել: Ու՞մ խորհուրդն է ավելի հուսալի և ավելի լավ արդյունք կերաշխավորի:

Թե՛ զգացմունքները, և թե՛ ռացիոնալ մտածողությունը չափազանց կարևոր են լիարժեք կյանքի համար:

Հուզական մտածողությունը խանդավառում է մեզ՝ ապրելու համար, մղում է մեզ՝ ձգտելու արժեքավոր նպատակների, մեզ համար բարոյական կողմնացույց է հանդիսանում, կարևոր բաներն առաջնային է դարձնում մեզ համար, մղում է մեզ մեծ զոհողությունների գնալ՝ սիրելու, հոգ տանելու և պաշտպանելու մեր երեխաներին, և ավելին: Ցանկը երկար է: Այլ կերպ ասած՝ կյանքը հնարավոր չէր լինի ապրել առանց հույզերի:

Հուզական միտքը ստեղծված է՝ արագ և համարձակ որոշումներ կայացնելու համար, հրատապ լուծում պահանջող իրավիճակներում, երբ մեկի անվտանգությունը կամ կարիքները վտանգված են: Ջունգլիներում հուզական միտքն ակնթարթային արձագանք կառաջացներ, երբ քաղցած մռնչացող առյուծ հայտնվեր: Նմանապես, հայրն իր խեղդվող երեխային տեսնելիս, վայրկյանական՝ առանց «մտածելու», իրեն կնետի գետը:

Հինգ զգայարաններից եկող ազդակները բաշխվում են թե՛ հուզական, և թե՛ ռացիոնալ ուղեղներին:

Առաջինը ստանում է ներհոսող տեղեկության շատ փոքր մասնաբաժին և դրանից ակնկալվում է շատ արագ որոշումներ կայացնել: Ռացիոնալ միտքը, մյուս կողմից, առանց շտապելու վերլուծության է ենթարկում ներհոսող մեծաքանակ տվյալները և, դրանք զուգակցելով մարդու հիշողությունից բխող փորձառական ինֆորմացիայի հետ,  որոշում է կայացնում:

Ռացիոալ մտքի եզրակացություններն ավելի հուսալի են, հատկապես՝ ռազմավարական որոշումների համար, քան հուզական մտքինը, քանի որ առաջինը հիմնված է ավելի շատ ինֆորմացիայի և ավելի բազմակողմանի վերլուծության վրա:

Վերը բերված օրինակում, արձագանքելով աղջկա առաջարկած «սիրո» հաճույքներին, հուզական միտքն առաջարկում է ամուսնանալ նրա հետ: Այն հաշվի չի առնում աղջկա և տղայի բնավորության համատեղելիությունը, արժեքները, անհատականությունը և հետաքրքրությունները: Հուզական միտքը հաշվի չի առնում, թե արդյոք այս երկուսը երջանիկ կլինեն՝ որպես ամուսնական զույգ, երբ սկսի բախվել ամուսնական կյանքի ֆինանսական և հուզական ճնշումներին: Մյուս կողմից, ռացիոնալ միտքը հաշվի կառնի այս գործոնները՝ անելով այնպիսի առաջարկ, որը լրջորեն կմեծացնի երջանիկ ամուսնության հավանականությունը:

Ես չեմ առաջարկում հաշվի չառնել հուզական միտքը: Ի վերջո, իմաստը, երջանկությունը և լիարժեքությունը բխում են հույզերից: Լավագույն տարբերակը հուզական մտքի եզրակացությունը ռացիոնալ մտքի «երկրորդ կարծիքին» հանձնելն է: Թող ռացիոնալ միքտը լինի վերջնական դատավորը:

Օրինակ՝ եթե Ձեր հուզական միտքը խորհուրդ է տալիս ծեծել Ձեր ղեկավարին՝ Ձեզ արժանի արձակուրդը չտալու համար, խնդրում եմ՝ խորհրդակցեք Ձեր ռացիոնալ մտքի հետ: Ձեր հուզական միտքը հաշվի չի առնում Ձեր երեխաներին, ում Դուք պետք է հագցնեք և կերակրեք:

Լավագույն արդյունքների համար շատ կարևոր է թույլ չտալ հուզական մտքին խառնվել  ռացիոնալ մտքի գործերին: Հույզերը հաճույք են ստանում ռացիոնալ մտածողությանը խանգարելուց և դրա վրա ազդելուց:

Մի վերջին միտք․ այս խորհուրդը չի վերաբերում հրատապ իրավիճակներին, որտեղ արագ գործողության կարիք կա: Ժամանակ մի հատկացրեք խորությամբ վերլուծելու խեղդվող երեխային փրկելու կարևորությունը: Եզրակացությունները շատ ուշ կժամանեն և այլևս որևէ օգուտ չեն ունենա: