«Մարդը աշխարհում տեսնում է այն, ինչ կրում է իր սրտում»: Գյոթե

Մենք բոլորս ճամփորդներ ենք կյանքում՝ նպատակադրված ուղևորվելով դեպի մեր նախընտրած նվաճումները: Այդ փափագելի վայր ժամանելու համար մենք քարտեզի կարիք ունենք, որը պետք է ճշգրիտ կերպով ցույց տա տեղանքը, այսինքն՝ մարդկանց, փոխհարաբերությունները և հենց կյանքը: Այդ քարտեզը մեր աշխարհայացքն է:

Մենք ձևավորում ենք մոտեցումներ, դրսևորում ենք տարբեր վարքագծեր և շփվում ենք մարդկանց հետ՝ հիմնականում հիմնվելով մեր աշխարհայացքի վրա՝ համոզմունքներ, արժեքներ, մարդկանց և իրադարձությունների ընկալման կերպեր:

Մեր արժեհամակարգը նույնպես մեր աշխարհայացքի կարևոր բաղադրիչներից է. մարդու կամ իրավիճակի մեր գնահատումը բխում է նրանից, թե ինչն ենք մենք կարևորում: Օրինակ՝ եթե դու շատ ես կարևորություն տալիս արտաքին տեսքին, ուրեմն դու գնահատում ես մարդկանց՝ ելնելով իրենց հագուստից:

Մարդու աշխարհայացքը սնվում է ինքն իրենից: Այն ձևավորվում է և զարգանում՝ հիմնվելով փորձառությունների վերաբարյալ իր մեկնաբանությունների վրա: Մինչդեռ հենց նույն մեկնաբանությունը հիմնված է այդ աշխարհայացքի վրա:

Ահա մի քանի օրինակ, թե ինչպես է աշխարհայացքը կերտում մեր վարքը.

  • Ամուսնությունից իմ սպասելիքները և դրա հետ կապված իմ վարքը կախված է նրանից, թե ամուսնությունն ինձ համար ինչ նշանակություն ունի: Որոշ մշակույթներում կանայք դիտարկվում են որպես սեփականություն և գնվում են ոսկու դիմաց: Այլ մշակույթներում ամուսնությունը երկու հավասար կողմերի համագործակցություն է:
  • Իմ մոտեցումն աշխատանքին որոշում է իմ գործելակերպն աշխատանքիս մեջ: Եթե աշխատանքն անցանկալի, բայց անհրաժեշտ դժվարություն է, ապա ես մի կերպ կտանեմ այդ տառապանքը՝ անհամբեր սպասելով, որ աշխատանքային օրն ավարտվի: Մինչդեռ, եթե ես իմ աշխատանքը դիտարկեմ՝ որպես հանրօգուտ ներդրում, ես հաճույք կստանամ արածս գործից և նույնիսկ չեմ զգա, թե ինչպես է անցնում ժամանակս:
  • Սեփական կարծիքս իմ մասին ու ինքնագնահատականս որոշում են իմ վստահության և քաջության մակարդակը: Վստահ մարդը հաշվարկված ռիսկերի է գնում, ձեռնարկում է ռիսկ պահանջող նոր նախաձեռնություններ և, ամենայն հավանականությամբ, հասնում իր նպատակներին:
  • Եթե ես մարդկանց համարում եմ բարեհոգի և ազնիվ, ապա ես նրանց կմոտենամ վստահությամբ և կձևավորեմ փոխսնուցող և բավականություն պատճառող հարաբերություններ:
  • Եթե ես համարում եմ, որ հարմարավետության և հաճույքի կյանքը իմ աստվածատուր իրավունքն է, ապա ես մերժողական և անհանդուրժողական վարք կցուցաբերեմ դժվարությունների հանդիպելիս և կտառապեմ:
  • Եթե ես ակնկալում եմ, որ “աշխարհը” կատարյալ լինի, ես ամենայն հավանականությամբ անհանդուրժողական կլինեմ այլոց թերությունների հանդեպ՝ լարված հարաբերություններ զարգացնելով նրանց հետ:
  • Եթե, օրինակ, փողն ավելի կարևոր է, քան փոխհարաբերությունները, ես ավելի անպատրաստակամ կլինեմ հյուրընկալել ընկերներիս, նվերներ տալ կամ առատաձեռն լինել: Հետևաբար, ես մենակ կմնամ, քանի որ մարդկանց կվանեմ ինձանից:
  • Եթե ես ինձ մյուսներից բարձր եմ դասում (ավելի գիտակ, ավելի խելացի), ես հակված կլինեմ նրանց հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել և ինձ հեռու կպահեմ մարդկանցից:

Մենք առանց աշխահայացքի չենք կարող գոյատևել: Աշխարհայացքի մեր նախընտրած տարբերակն է, որ մեզ կյանքի միջով նավարկելու հնարավորություն է տալիս:

Մինչդեռ, մեր աշխարհայացքը սուբյեկտիվ է, կողմնակալ և մասամբ ճիշտ: Այն ձևավորվում է տարիների ընթացքում՝ հիմնվելով մեր գեների և փորձառությունների վրա:

Ահա մի քանի առաջարկություններ մեր աշխարհայացքի հետ աշխատանք տանելու վերաբերյալ.

  • Խոհեմությամբ մոտենանք մեր տեսակետներին, իրադարձությունների սեփական մեկնաբանություններին և մարդկանց՝ մշտապես վերանայելով մեր եզրակացությունները:
  • Շարունակական ջանք գործադրենք՝ մեր աշխարհայացքը իրականությանը հնարավորինս մոտեցնելու համար: Դա հեշտ չէ, սակայն բաց մտածողության դեպքում շատ բանի կարելի է հասնել:
  • Փորձենք հասկանալ նրանց, ում վարքը մեզ դուր չի գալիս: Դու երբեք չես կարող հաստատ իմանալ մարդու վարքի հիմքում ընկած իրական պատճառները: Մարդիկ շատ բարդ էակներ են:
  • Գնահատենք նրանց, ովքեր ունեն տարբեր տեսակետներ և արժեքներ: Չլինենք աբսոլյուտիստ: Որտեղ հնարավոր է, ներդաշնակվեք նրանց հետ ՝ ձեռք բերելով ավելի հարուստ մտածելակերպ և ավելի դրական արդյունքներ:

Ճշգրիտ աշխարհայացքը չափազանց կարևոր նշանակություն ունի՝ արդյունավետ և լիարժեք կյանք ապրելու համար: Մենք մարտահրավեր ունենք օբյեկտիվորեն գնահատելու և բարելավելու մեր աշխարհայացքը: