Հարութ Ներսեսսյան

Նախկինում ես ղեկավարում էի մի կազմակերպության որակի ապահովման բաժինը, որն արտադրում էր հեռահաղորդակցման սարքավորումներ և համապատասխան ծրագրեր:

Մինչև ապրանքն արտադրման ուղարկելը, մենք փորձում էինք այն՝ համոզվելու, որ ապրանքը համապատասխանում է որակի չափանիշներին և սպառողի սպասելիքներին: «Ճնշման թեստերը» մեր կողմից օգտագործվող ամենակարևոր մեթոդներն էին: Մենք դիտարկում էինք ապրանքի կատարողականությունը վատ միջավայրային պայմաններում, ինչպիսիք են ծայրահեղ ջերմաստիճանները, խոնավությունը, բաբախյունը և հարվածը:

Ոչ ոք չի գնի այնպիսի սմարթֆոն, որը կոտրվում է, երբ երեխան այն գցում է հատակին: Հաճախորդները շատ լավ կզգան, եթե իրենց էլեկտրական ժամացույցը լվացքի մեքենայում հագուստի հետ լվացվելուց և չորանալուց հետո կրկին աշխատի:

Նույնը վերաբերում է նաև մարդկանց: Մարդու իսկական էությունը և բնավորությունը բացահայտվում են ճնշման տակ: Վեհ բնավորության տեր մարդիկ հավատարիմ են մնում բարոյական և վարքային չափանիշներին` անկախ կյանքի տարբեր ճնշումներից:

Ճնշումը գալիս է փորձանքների ձևով, ինչպիսիք են դժվարությունները, ցավը, տառապանքը և վատ վերաբերմունքը: Նույնը վերաբերում է նաև հակառակ պարագաներին: Իշխանությունը, հաջողությունը, հարստությունը և ճանաչումը նույնպես ճնշում են մեզ՝ հրաժարվելու էթիկական նորմերից:

Թե՛ ծայրահեղ նեղությունը, և թե’ ծայրահեղ հաջողությունը ճնշում են գործադրում մեզ վրա՝ սեղմելով մեր հոգին ու միտքը, բացահայտելով մեր խորքում թաքնված որակները: Մարդու իսկական էությունը բացահայտվում է ճնշման տակ:

Մեզանից շատերն իրենց լավ են դրսևորում հաճելի հանգամանքների պարագայում, երբ ամեն բան մեր սրտով է լինում: Մենք, որպես կանոն, բարյացակամ ենք նրանց հանդեպ, ովքեր մեզ լավ են վերաբերվում:

Մինչդեռ կյանքը միշտ հաճելի ու հեշտ չէ: Մենք բոլորս էլ հանդիպում ենք դժվարությունների, ինչպիսիք են առողջական խնդիրները, ֆինանսական դժվարությունները, ընտանեկան և աշխատանքային մարտահրավերները: Շատերը տառապում են մեղմ կամ սուր արտահայտված հուզական և հոգեբանական խնդիրներով, ինչպիսիք են ցածր ինքնագնահատականը, անապահովության զգացումը, վախերը և տարբեր բարդույթները:

Նույնքան ակտուալ, մարդու վեհ բնավորությունը երևում է, երբ նա շարունակում է սիրել, հոգալ և հարգել ընկերներին ու ծանոթներին, երբ իշխանություն, հարստություն և ճանաչում է ձեռք բերում: Այս «օրհնությունները» կարող են սխալմամբ համոզել մեկին, որ ինքը հզոր է և ամեն ինչ գիտի՝ տանելով ինքնահավանության: Որևէ ոլորտում ունեցած հաջողությունը չի նշանակում ամենագիտություն կամ ամենակարողություն: Չհասունացած մարդիկ, արբելով «հաջողությամբ», իրենք իրենց անսահմանափակ լիազորություններ են տալիս:

Ճշմարիտ մեծության քննությունը մարդու պատրաստակամությունն է և կարողությունը հավատարիմ մնալ բարձր բարոյական և էթիկական չափանիշներին՝ անկախ կյանքի ճնշումներից:

Ահա մի քանի օրինակ.

  • Դու անձնազոհ կերպով օգնում ես կարիքավորներին՝ անկախ սեփական դժվարություններից:
  • Հիվանդ ամուսինը լուռ հոգ է տանում իր տառապող կնոջը՝ առանց սեփական ցավից բողոքելու:
  • Անարդարացիորեն աշխատանքից ազատված աշխատողը իրեն ետ է պահում նախկին գործատուին վատաբանելուց:
  • Բարձր պաշտոնի նշանակված աշխատակիցը շարունակում է ընկերական և բարի լինել իր նախկին գործընկերների նկատմամբ:
  • Դու շարունակում ես բարյացակամ լինել այն ընկերոջդ նկատմամբ, ով քեզ չի օգնել, երբ դու դրա կարիքը ամենաշատն ունեիր:
  • Անարդարացի վերաբերմունք զգալով՝ մարդը չի փոխհատուցում միևնույն ձևով, այլ կառուցողական պատասխան է տալիս՝ հիմնվելով վիրավորողի իրավիճակի ընկալման և նրա հուզական արձագանքի իրական պատճառների վրա:
  • Դու ավելի շատ նայում ես կյանքի անարդարություններին որպես դրանից տուժածներին օգնելու հնարավորություն, քան թե չարանալու, հուսահատվելու և ցինիկ դառնալու պատճառ:
  • Դու խոնարհությամբ և հակառակորդի տեսանկյունը հասկանալով ես արձագանքում տարաձայնություններին ու քո կարծիքին մարտահրավեր նետողին:

Բնավորությունը կերտվում է ողջ կյանքի ընթացքում, երբ մարդը գիտակցում է իր արատավոր բնությունը՝ ինքնաքննությամբ, մտորումներով և Աստծո օգնությամբ:

Թարգմանեց՝ Քրիստինա Սիմոնյանը