«Մեր էգոն կարծես թիրախ է, որ կրում ենք մեզ վրա: Ինչպես յուրաքանչյուր թիրախ, որքան այն մեծ է, այնքան՝ ավելի խոցելի:Այդպիսով, ուռճացված էգոն մյուսների համար առավել հասանելի է դարձնում՝ օգտագործել մեզ իրենց նպատակների համար: Որովհետև մեր էգոն դրական ուշադրություն է պահանջում, ինչը հեշտացնում է մանիպուլիացիայի ենթարկվելը: Դա կանխատեսելի է դարձնում մեզ»:
Ռազմուս Հոուգարդ
Ժակլին Քարթեր
«Ապրիր երազանքդ» կենտրոնի թիմը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի հոդված՝ հրապարակված «Հարվարդ Բիզնես Րեվյու»-ում 2018թ․ նոյեմբերի 8-ին։
Որպես «Քալսբերգ Գրուփ»-ի (գարեջրատների և խմիչքներ արտադրող համաշխարհային ընկերություն) գործադիր տնօրեն, Սիսթի Հարթն իր առաջին աշխատանքային օրը սեփական օգնականի կողմից ստացավ քարտ-բանալի: Քարտը փակում էր բոլոր հարկերի վերելակները, որպեսզի նա կարողանար ուղիղ գնալ 20-րդ հարկի անկյունում գտնվող իր գրասենյակը: Լուսամուտներից այն կողմ Կոպենհագենին նայող հիասքանչ տեսարանն էր: Այս ամենն իր նոր պաշտոնի արտոնություններն էին, ինչը վկայում էր այդ կազմակերպությունում իր իշխանության և կարևորության մասին:
Նա 2 ամիս շարունակ ընտելանում էր իր նոր պարտականություններին: Այդ ժամանակահատվածում նա նկատում էր, թե օրվա ընթացքում որքան քիչ է տեսնում մարդկանց: Քանի որ վերելակը կանգ չէր առնում այլ հարկերում և միայն սահմանափակ թվով մարդիկ էին աշխատում 20-րդ հարկում, նա չէր հանդիպում այլ հարկերում աշխատողներին: Նա որոշեց իր գրասենյակից տեղափոխվել ներքևի հարկ՝ բաց տարածության մեջ գտնվող գրասեղանի մոտ:
Երբ նրան հարցրին տեղափոխվելու մասին, նա պատասխանեց․ «Եթե մարդկանց չհանդիպեմ, չեմ իմանա՝ ինչ են նրանք մտածում: Եվ եթե ես կազմակերպության զարկերակը չզգամ, չեմ կարողանա այն արդյունավետորեն ղեկավարել»:
Այս պատմությունը լավ օրինակ է, թե ինչպես խուսափել մեկուսացվածության ռիսկից՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ: Եվ սա իսկապես լուրջ խնդիր է նման մարդկանց համար: Ինչքան նրանք ավելի են աճում իրենց պաշտոններում, այնքան ավելանում է փքված էգոյի ազդեցության ներքո գտնվելու ռիսկը: Որքան մեծանում է էգոն, այնքան մեծ է ռիսկը գտնվելու մեկուսացված պղպջակի մեջ՝ կորցնելով կապը գործընկերների, մշակույթի և, ի վերջո, հաճախորդների հետ: Քայլ առ քայլ վերլուծենք այս դինամիկան:
Որքան բարձր դիրք ենք գրավում, այնքան նոր ուժ ենք ձեռք բերում: Ըստ այդմ, մարդիկ ավելի հավանական է, որ կցանկանան մեզ դուր գալ՝ ուշադիր լսելով մեզ, ավելի շատ համաձայնվելով մեզ հետ, ծիծաղելով մեր կատակների վրա: Այս ամենը դուր է գալիս մեր էգոյին, ինչի արդյունքում այն աճում է: Դեյվիդ Օուները՝ Բրիտանիայի նախկին արտաքին կապերի քարտուղար և նյարդաբան, և Ջոնաթան Դեվիդսոնը՝ Դյուկ համալսարանի հոգեթերապիայի և վարքաբանական գիտությունների պրոֆեսոր, այն անվանում են «մեծամտության համախտանիշ», որը սահմանվում է որպես «ուժի տիրապետման խանգարում», մասնավորապես, ուժը , որն ասոցացվում է տարիներ ի վեր ունեցած անհամար հաջողությունների հետ:
Չվերահսկվող էգոն կարող է խեղաթյուրել մեր տեսակետը կամ աղավաղել արժեքները: Ջենիֆեր Վուի՝ «Լեյն Քրոուֆորդ Ջոյս Գրուփ»-ի գործադիր տնօրենի խոսքերով՝ «Դեպի հաջողություն, հռչակ և ազդեցություն էգոյի ձգտման վերահսկումը յուրաքանչյուր առաջնորդի գլխավոր պարտականությունն է»: Հակառակ դեպքում, ընկնելով այդ թակարդը, մենք կկորցնենք վերահսկողությունը: Էգոն մղում է մեզ մանիպուլիացիաների ենթարկվել, նեղացնել մեր տեսադաշտը և խաթարում է մեր վարքագիծը՝ հաճախ մղելով մեզ` գործել մեր արժեքներին հակառակ։
Մեր էգոն կարծես թիրախ է, որ կրում ենք մեզ վրա: Ինչպես յուրաքանչյուր թիրախ, որքան այն մեծ է, այնքան ավելի խոցելի: Այդպիսով, ուռճացված էգոն մյուսների համար առավել հասանելի է դարձնում՝ օգտագործել մեզ իրենց նպատակների համար: Որովհետև մեր էգոն դրական ուշադրություն է պահանջում, ինչը հեշտացնում է մանիպուլիացիայի ենթարկվելը: Դա կանխատեսելի է դարձնում մեզ: Երբ մարդիկ դա գիտեն, կարող են խաղալ մեր էգոյի հետ: Երբ մենք հզոր երևալու սեփական անհրաժեշտության զոհն ենք լինում, մենք ավարտում ենք նրանով, որ վնասակար որոշումներ ենք կայացնում ինքներս մեզ, մեզ շրջապատող մարդկանց և կազմակերպության համար:
Ուռճացված էգոն նաև խաթարում է մեր վարքը: Երբ մենք հավատում ենք, որ մենք մեր հաջողության միակ ճարտարապետն ենք, մենք հակված ենք՝ լինել ավելի կոպիտ, ավելի եսասեր և ավելի հավանական է, որ ընդհատենք ուրիշներին:
Սա հատկապես երևում է սխալների և քննադատությունների առերեսման ժամանակ։ Այս դեպքում մեծամիտ էգոն մեզ խանգարում է սովորել մեր սխալներից և ստեղծում է պաշտպանական պատ, որը թույլ չի տալիս մեզ գնահատել այն հարուստ դասերը, որոնք կարող ենք քաղել մեր ձախողումներից։
Ի վերջո, ուռճացված էգոն նեղացնում է մեր մտահորիզոնը: Էգոն միշտ փնտրում է տեղեկատվություն, որը հաստատում է այն, ինչին ինքն է ուզում հավատալ: Հիմնականում մեծ էգոն մեզ ստիպում է ուժեղ հաստատման կողմնակալություն ունենալ:
Այդ պատճառով մենք կորցնում ենք հեռանկարը և հայտնվում ենք իշխանության պղպջակի մեջ, որտեղ մենք միայն տեսնում և լսում ենք այն, ինչ մենք ենք ուզում: Արդյունքում մենք կորցնում ենք կապը այն մարդկանց հետ, ում մենք առաջնորդում ենք, այն մշակույթի հետ, որին պատկանում ենք, և ի վերջո, կապը մեր հաճախորդների և բաժնետերերի հետ:
Ուժեղ պաշտպանական դիրք գրաված, ուռճացված էգոյից և իշխանության պղպջակից ազատումը շատ կարևոր և դժվար աշխատանք է։ Այն ինքնազոհություն և քաջություն է պահանջում։ Ահա որոշ խորհուրդներ, որոնք Ձեզ կօգնեն․
- Մտածեք Ձեր դերում առաջարկվող արտոնությունների և առավելությունների մասին։ Դրանցից որոշները Ձեզ հնարավորություն են տալիս՝ Ձեր աշխատանքը ավելի արդյունավետ իրականացնել։ Դա շատ լավ է։ Բայց դրանցից որոշներն էլ առավելություններ են տալիս Ձեր կարգավիճակին, ուժին և ի վերջո՝ էգոյին։ Մտածեք Ձեր այն առավելություններիի մասին, որոնք կարող եք բաց թողնել։ Դա կարող է լինել պահեստավորված կայանատեղի կամ ինչպես Սիսթի Հարթի դեպքում ՝ վերելակի հատուկ քարտ։
- Աջակցեք, զարգացրեք և աշխատեք այն մարդկանց հետ, ովքեր չեն կերակրում ձեր էգոն: Ձեռք բերեք խելացի մարդկանց, ովքեր խոսելու քաջություն ունեն:
- Խոնարհությունն ու երախտագիտությունը անձնազոհության անկյունաքարերն են: Սովորություն դարձրեք յուրաքանչյուր օրվա վերջում մի պահ վերհիշել բոլոր այն մարդկանց, ովքեր այդ օրը Ձեզ հաջողակ են դարձրել: Սա օգնում է Ձեզ զարգացնել խոնարհության բնական զգացում՝ տեսնելով, որ ձեր հաջողության միակ պատճառը Դուք չեք: Եվ ավարտեք ձեր մտորումները՝ ակտիվորեն շնորհակալության լիցքեր ուղարկելով այդ մարդկանց:
Հաջողության արդյունքում ի հայտ եկած ուռճացված էգոն` ավելի բարձր աշխատավարձը, գեղեցիկ գրասենյակը, հեշտ ծիծաղները, հաճախ ստիպում են մեզ զգալ, կարծես թե մենք գտել ենք առաջնորդ լինելու հավերժական պատասխանը: Բայց իրականությունը ճիշտ հակառակն է: Առաջնորդությունը մարդկանց մասին է, իսկ մարդիկ փոխվում են ամեն օր: Եթե մենք հավատում ենք, որ գտել ենք մարդկությանը առաջնորդելու տիեզերական բանալին, ապա մենք պարզապես կորցրել ենք այն: Եթե մենք թույլ տանք, որ մեր էգոն որոշի, թե ինչ տեսնենք, ինչ լսենք և ինչին հավատանք, ապա մենք դրանով թույլ ենք տալիս, որ մեր անցյալի հաջողությունը վնասի մեր ապագա առաջխաղացմանը։
«Հարվարդ Բիզնես Րիվյու»
Еgo is the enemy of good leadership
Ռազմուս Հոուգարդ
Ժակլին Քարթեր
Թարգմանեց Աստղիկ Ասլանյանը,
խմբագրեց Քրիստինա Սիմոնյանը։