Մենք բոլորս էլ ցանկանում ենք լինել սիրված, հարգված ու հաջողակ՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ կարիերայում։ Երբ երիտասարդներին հարցնում ես իրենց երազանքների մասին, նրանց մեծ մասը ուզում է երջանիկ կյանք, լավ ընտանիք, եւ լիարժեք կարիերա, որը կապահովի նրանց բավարար եկամտով՝ հարմարավետ ապրելու համար։
Ինչպե՞ս ենք մենք իրականացնում մեր երազանքները։ Կա՞ արդյոք մի գաղտնի բանալի, որըբացում է դեպի լիարժեք կյանք և երջանկության տանող կախարդական դուռը։
Ցավոք, չկա մի այնպիսի կախարդական բանաձեւ, որը արագ եւ հեշտությամբ մեր երազանքները իրականություն դարձնի։
Մինչդեռ, կա մի բանալի, որը ծանր աշխատանքի, ռազմավարական մտածողության, վճռականության, եւ համբերության ուղեկցությամբ բացում է այդ դուռը, եւ մեզ դնում է մի ուղու վրա, որը տանում է դեպի լիարժեք կյանք։
Այդ ԲԱՆԱԼԻՆ սովորելու անհագ ծարավն է եւ անձնային աճ եւ հասունություն ձեռք բերելու մոտիվացված, խանդավառ և նպատակային փափագը։
Մարդու հաջողությունն ու անձնական բավարարվածությունը կախված են իր հմտություններից եւ հատկանիշներից։ Մարդու՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ զգացական և շփման հմտությունները աճեցնելու և զարգացնելու պատրաստակամությունը, կարողությունը եւ մոտիվացիան նրա համար կբացեն դեպի լիարժեք փոխհարաբերություններ և հաջող կարիերա տանող դուռը։
Ահա մի քանի օգտակար կետեր․
• Սկսեք զարգացնել եւ պահպանել սովորելու, աճելու և հասունանալու եռանդուն մոտիվացիա։ Առանց այս զգացական էներգիայի, դուք չեք կարողանա հաղթահարել ձեր աճելուն սպառնացող մարտահրավերներն ու խոչընդոտները։
• Անձնական աճն եւ հասունությունը դարձրեք ձեր «համար մեկ» առաջնայնությունը։ Դրանք ավելի թանկ գնահատեք, քան փողը եւ ավելի ցանկալի, քան հաճույքները։ Հասունությունն ու իմաստությունը կարող են օգնել ձեզ գումար վաստակել և հաճույք ստանալ։ Հակառակը ճշմարտացի չէ։
• Անհատական աճի ռազմավարություն մշակեք․ բացահայտեք ձեր աճի ոլորտները, փնտրեք խորհրդատուներ, գրքեր, սեմինարներ եւ այլ ռեսուրսներ, որոնք կարող են օգնել ձեզ։
• Ռազմավարությունը վերածեք ծրագրված գործողությունների։
• ժամանակ եւ ռեսուրսներ հատկացրեք՝ այդ ծրագրված գործողությունները իրականացնելու համար։
• Ձեռքներիցդ բաց մի թողեք սովորելու՝ ձեզ պատահած ամեն հնարավորություն։ Դիտարկեք եւ սովորեք ուրիշների հաջողություններից եւ ձախողումներից։ Ընդունեք, որ յուրաքանչյուր անձից եւ իրավիճակից սովորելու բան ունեք։
• Հետապնդեք սովորելու ամեն հնարավորություն: Խնդրեք, ողջունեք եւ հաշվի առեք դիմացինի կարծիքը եւ կառուցողական քննադատությունը։ Շնորհակալ եղեք նրանց, ովքեր ցույց են տալիս ձեր՝ աճի կարիք ունեցող ոլորտները: Քննադատության համար բաց լինելու համբավ ձեռք բերեք: Այլապես մարդիկ ձեզ մոտ դժկամությամբ կարտահայտեն իրենց անկեղծ կարծիքը, որն ամենաարժեքավոր բանն է:
• Ճանաչեք, բացահայտեք, ընդունեք, եւ լռեցրեք անապահովության զգացումը, ցածր ինքնագնահատականը եւ բոլոր այլ հոգեբանական բարդույթները, որոնք խանգարում են ձեր աճին։
• Թույլ մի տվեք, որ հպարտությունը ձեզանից հեռու վանի բարյացակամ քննադատներին։
Անձնային աճը ողջ կյանքի տևողություն ունեցող հետաքրքիր ճամփորդություն է, որը մարդուն բարձունքից բարձունք է տանում։
Վայելե՛ք ձեր ուղևորությունը։
Բարի ճանապարհ։