Մենք բոլորս հաճույք ենք ստանում Ֆեյսբուքից և երբեմն նույնիսկ ընկնում ենք դրա և մյուս սոցիալական ցանցերի թակարդը:
Մենք սիրում ենք իմանալ ուրիշների նորությունների, ծննդյան օրերի, հարսանիքների, արձակուրդների և այլնի մասին: Ֆեյսբուքի միջոցով մենք գտնում ենք «կորած» ընկերներին և կապ ենք պահում այն ընտանիքի անդամների հետ, ովքեր ապրում են հեռավոր երկրներում: Ժամանակ առ ժամանակ մենք հանդիպում ենք կրթական կամ ժամանցային հրապարակումների, որոնցից կարող ենք հաճույք ստանալ և նոր բան սովորել: Ձեզանից շատերը կարդում են այս հոդվածը սոցիալական մեդիայում:
Մենք երախտապարտ ենք Մարկ Ցուկենբերգին այս հիանալի կապի միջոցի համար:
Մինչդեռ, սոցիալական մեդիան ունի մռայլ կողմեր, որոնց մասին մարդիկ չեն գիտակցում: Ֆեյսբուքը կարող է բացասաբար ազդել մեր ինքնընկալման վրա:
Ֆեյսբուքյան հրապարակումները գրեթե միշտ ներկայացնում են մարդկանց երջանիկ պահերը. ընտանիքների կամ ընկերների տարեդարձի երեկույթները, արձակուրդները, հարսանիքները և ռեստորանային ուտեստները: Բոլորը ժպտում են՝ հպարտանալով իրենց հարազատների կամ սեփական ձեռքբերումներով: Նրանք «հավանում են» (Like) մեզ, երբ մենք ցուցադրում ենք մեր դիպլոմներն ու հաղթանակները:
Գրեթե միշտ մենք տեսնում ենք մարդկանց` ընտանիքի և ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելիս: Բոլորը ծիծաղում են և ժպտում:
Սա կարող է սխալ տպավորություն թողնել, որ նրանք, ում մենք տեսնում ենք ֆեյսբուքում, միշտ անհոգ են, հիանալի ժամանակ են անցկացնում և վայելում են իրենց հաջողությունները: Սա կարող է բացասաբար անդրադառնալ մեր տրամադրության, սեփական արժեքի և ինքնագնահատականի վրա, հատկապես, երբ մենք անդրադառնում ենք մեր ձախողումներին, խնդիրներին, տխուր պահերին կամ չհաջողված փոխհարաբերություններին: Մեր ինքնընկալումը կարող է ևս մեկ հարված ստանալ, եթե մենք համեմատենք մեր և նրանց “հավանությունների” (Like), “բաժնեկցումների” (Share) և մեկնաբանությունների (Comment) քանակը: Մենք կարող ենք խամրած երևալ՝ մեզ համեմատելով այս “հայտնի” դեմքերի հետ, ովքեր հարյուրավոր “հավանություններ” (Like) և անթիվ դրական մեկնաբանություններ (Comment) են ստանում՝ իրենց հրապարակումների ներքո:
Երբ մենք գիտակից չենք սոցիալական մեդիայի հոգեբանությանը, մենք կարող ենք հեշտությամբ եզրակացնել, որ մենք միակն ենք, որ խնդիրներ և տխուր պահեր ենք ունենում:
Սոցիալական մեդիայի հիմնական իրականությունն այն է, որ մարդիկ ֆեյսբուքում չեն հրապարակում իրենց խնդիրները: Մենք չենք տեսնում այդ երջանիկ նկարներ ունեցող զույգին՝ միմյանց հետ վիճելիս կամ իրենց երեխաների ձախողումների մասին խոսելիս: Ես երբեք չեմ տեսել որևէ մեկի հրապարակումն այն մասին, թե ինչպես է ինքը հանդիմանվում իր ղեկավարի կողմից կամ կորցնում իր աշխատանքը: Մենք չենք տեսնում նկարներ, որտեղ մարդիկ միայնակ նստած են տանը կամ լքվել են իրենց փեսացուի կողմից: Սակայն կյանքի փաստն այն է, որ բոլորն են բախվում մարտահրավերների և դժվարությունների:
Մեզ համեմատելը սոցիալական մեդիայում մեր ընկերների միակողմանի հրապարակումների հետ ո՛չ առողջ է, ո՛չ էլ որևէ օգուտ ունի:
Հաջորդ անգամ, երբ դու կսկսես նախանձել՝ ֆեյսբուքյան նորություններով անցնելիս, խնդրում եմ անդրադարձիր, որ միշտ կլինեն մարդիկ, ովքեր ավելի լավ վիճակում են, քան դու: Իրականության մյուս կողմն այն է, որ ամենայն հավանականությամբ շատ ավելի մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր առավել վատ իրավիճակում են, քան՝ դու: Եվ, այո, դա նաև ներառում է նրանց, ովքեր խորապես սիրահարված և երջանիկ ամուսնացած են երևում:
Հեղինակ՝ Հարութ Ներսեսսյան
Անգլերենից թարգմանեց՝ Քրիստինա Սիմոնյանը