Իմ չորսամյա երեխաների՝ Քրիսի ու Ալիսիայի վարքին հետևելիս ես դեժա վյու-ի զգացողություն եմ ունենում: Տարբեր կերպերով նրանք դրսևորում են մեծահասակների հատկանիշների ավելի երեխայական տարբերակները:

Ահա մի քանի օրինակներ:

Նախանձ և ռեակտիվ մտածելակերպ

Քրիսը մերժում է իր մայրիկի առաջարկը, քանի որ բանան ուտելու տրամադրություն չունի: Մինչդեռ, հենց Ալիսիան սկսում է բանան ուտել, նա մտափոխվում է և իր բանանն է ուզում: Իսկ ահա նման միջադեպի տարբերակը մեծահասակի պարագայում: Արմանը գոհ էր իր ունեցած փոքր մեքենայից այնքան ժամանակ, մինչև իր հարևանն առավ ճոխ մեքենա:

Ցուցադրական վարք

Ամեն առավոտ մեր զույգերը հատուկ ժամանակ են տրամադրում՝ ընտրելու, թե ինչ խաղալիքներ են տանելու մանկապարտեզ: Իհարկե մանկապարտեզում խաղալիքների պակաս չի զգացվում: Այս վարքի ետևում թաքնված միակ շարժառիթը ցուցադրելն է և մյուս երեխաների ուշադրությունը գրավելը: Մեծերն էլ սիրում են ուշադրություն գրավել իրենց զգեստներով, մեքենաներով, այֆոններով և այլ “խաղալիքներով”:

Հաճոյախոսությունների որս

Երբ ուշադրության կարիք է զգում, Ալիսիան հայտարարում է. “Մայրիկն ու հայրիկը ինձ չեն սիրում”: Նա ուղղակի փորձում է մեր՝ իր հանդեպ ունեցած սիրո հաստատումը որսալ: Վստահ եմ, որ դուք կարող եք մտաբերել տարբեր իրավիճակներ, երբ մեծերը հաճոյախոսություններ են որսում:

Արդարացումներ

Երբեմն, երբ մենք երեխաներին գիշերը պառկացնում ենք, նրանք տրամադրված չեն քնելու:

Նրանք հայտնվում են հյուրասենյակում՝ բերելով տարբեր պատճառներ, թե ինչու են անկողնուց վեր կացել. ծարավ, զուգարանի կարիք և նույնիսկ ատամնացավ: Մեծահասակները արդարացումներ գտնելու մեջ շատ ավելի փորձառու են՝ չկատարած խոստումները կամ կարիքի մեջ գտնվող ընկերոջը օգնելու անպատրաստակամությունը ծածկելու համար:

Մեղքը ուրիշի վրա բարդել

Երեկոյան լռությունը խախտվում է լացող զույգերի ձայնից: Քրիսն ու Ալիսիան մի խաղալիքի համար կռիվ են տալիս: Չնայած երկուսն էլ մեղավոր են, ոչ մեկը, ոչ էլ մյուսը չեն ընդունում իրենց սխալը: Վերջին անգամ ե՞րբ եք լսել, որ որևէ մեծահասակ կոնֆլիկտային իրավիճակում ընդունի իր սխալը:

Էգո

Մենք մտածում ենք, որ երեխաները խոնարհ են և ազատ իրենց էգոյի ազդեցությունից: Սա հիմնականում ճիշտ է, բայց ոչ միշտ: Մենք մանկական էգոյի նշաններ ենք տեսնում , երբ Քրիսը հրաժարվում է ներողություն խնդրել Ալիսիայից՝ նրանից խաղալիքը խլելու համար: Միևնույն ժամանակ Ալիսիան հրաժարվում է ասել “խնդրում եմ”, երբ ուզում է Քրիսի ձեռքի խաղալիքը: Նա նախընտրում է խաղալիքը ետ խլելու ավելի դժվար ու անարդյունավետ եղանակը՝ լաց ու կռիվ սկսելով:

Անկարևորին կարևորություն տալը

Մեծ հպարտությամբ մեր երեխաները պարծենում են այնպիսի բաներով, որոնք անկարևոր են մեզ համար՝ Ալիսիայի նոր կոշիկի վրայի ծաղիկով, Քրիսի մատին ամրացված սուպերմենի կպչուն ժապավենով կամ ավտոմեքենայի մեջ ամրագոտին առաջինը կապելով: Կոտրված խաղալիքը կարող է Քրիսին ստիպել ժամերով լացել իր սենյակում: Որպես մեծահասակներ՝ մենք նույնպես ունենք նման “խաղալիքներ” և մեզ համար “թանկ” բաներ: Դրանք մեզ ուրախություն կամ թախիծ են պատճառում, զայրացնում են մեզ կամ անքնություն պատճառում: Մինչդեռ, որքանո՞վ դրանք կարևոր կլինեն մեզ համար տարեց հասակում:

Բարկության պահին անմիտ արտահայտությունները

Երբ Քրիսը բարկանում է հոր վրա՝ իր խնդրանքը մերժելու համար, նա արտահայտում է իր զայրույթը՝ հայտարարելով. «Ես չեմ ուզում այստեղ ապրել: Ես ինքնաթիռ կնստեմ ու կգնամ Կանադա»: Որքան հաճախակի են մեծահասակները էմոցիոնալ հայտարարություններ անում, իսկ հետո զղջում ասվածի համար:

mirroring-childrenՄենք մանկական վարքը համարում ենք զվարճալի ու հետաքրքիր: Մինչդեռ, ուշագրավն այն է, որ մեծահասակները առաջնորդվում են նույն հոգեբանական շարժառիթներով: Տարբեր կերպերով մենք մանկական վարք և դրա տակ թաքնված շարժառիթներ ենք դրսևորում: Երեխաները մեզ շատ բան կարող են սովորեցնել մեր մասին:

Դիտարկելով երեխաներին և զարմանալով նրանց «երեխայական» վարքից՝ մենք պետք է մեր խնդիրներին և մտահոգություններին ավելի թեթև վերաբերվենք: Մենք չպետք է ինքներս մեզ շատ լուրջ ընդունենք:  Մեր՝ մեծերիս վարքագիծը երեխայական է թվում՝ ավելի հասուն տեսանկյունից դիտարկելիս: Մեր մահացած բարեկամները և ընկերները վերևից նայում են մեզ՝ քորելով իրենց գլուխները և մտածելով՝ “Ի՞նչ մի մեծ բան է սա…” “Ի՞նչու է խառնվել իրար այդ աննշան բանի պատճառով”:

Օ՜, ևս մեկ միտք: Ականատես լինելով որևէ անմիտ և խակ երեխայական վարքի` անդրադարձեք, թե արդյո՞ք դուք էլ եք դրսևորում այս վարքագծի մեծական տարբերակը և մտածեք, թե ինչպես կարող եք այն վերածել ավելի հասուն վարքագծի: