Մեր օրերում աշխատանք գտնելն ու այն պահպանելն ավելի դժվար է, քան մի քանի տասնամյակ առաջ: Փոքրաթիվ աշխատատեղերի համար թեժ պայքար է գնում:
Մինչդեռ, մենք հաճախ չենք գնահատում մեր աշխատանքը և կորցնում ենք մեր զգոնությունը: Եթե զգույշ չլինենք մեր վարքի ու խոսքի մեջ, ապա կարող ենք աստիճանաբար արատավորել մեր հեղինակությունը: Մենք պետք է միշտ անդրադառնանք նրան, թե ինչ ազդեցություն են թողնում մեր խոսքերն և գործերը մարդկանց վրա:
Ինչպես են ուրիշները մեկնաբանում և արձագանքում մեր ասածին և արածին:
Աշխատանքի մեջ անապահովության զգացման մի փոքր չափաբաժինը կարող է օգտակար լինել: Այն մեզ սթափ կպահի:
Հետևյալը մի շարք հաճախակի օգտագործվող բացասական արտահայտություններ են: Դրանք շատ բան են բացահայտում աշխատողի խոցելի տեղերի և թերությունների մասին։ Ամեն գնով խուսափեք դրանցից:
«Արդար չէ»,-սա թուլության և պարզամտության նշան է: Դուք ի վիճակի չէք կառավարել իրավիճակը և բողոքում եք: Արդյո՞ք Դուք հավատում կամ ակնկալում եք, որ կյանքը կարող է արդար լինել: Եթե զգում եք, որ կա անարդարություն, որի դեմ պետք է պայքարել, արդյունավետ ռազմավարություն մշակեք և արեք դա: Դա ավելի կնպաստի ձեր նպատակներին հասնելուն, քան հրապարակայնորեն ձեր դժգոհությունն արտահայտելը:
«Սա միշտ էլ նման ձևով է արվել»: Ի վնաս Ձեր գործատուի՝ Դուք հակառակվում եք փոփոխությանն ու բարելավմանը:
«Կարծում եմ… Սա կարող է անմտություն լինել… Ուզում եմ մի հիմար հարց տալ»: Դուք վստահ չեք Ձեզ վրա: Դուք ցածր ինքնագնահատական ունեք: Դուք փորձում եք պաշտպանել ինքներդ Ձեզ՝ «հիմար» հարցի համար հնարավոր քննադատությունից: Սա Ձեզ չի պաշտպանում: Ընդհակառակը՝ այն բացահայտում է Ձեր անապահովության զգացումը:
«Ընդամենը մեկ րոպե կտևի»: Այս արտահայտությունը չափազանցություն է: Ենթատեքստը այն է, որ կամ Դուք չեք կարող գնահատել պահանջվող ժամանակը կամ չափազանցնում եք:
«Կփորձեմ»: Դուք վստահ չեք Ձեզ վրա: Դուք կփորձեք, բայց Դուք վստահ չեք՝ ինչպիսի արդյունք կստանաք: Մարդիկ Ձեր փորձելուց ավելիի կարիքն ունեն: Նրանք լավ արդյունքներ են ուզում:
«Նա ծույլ է և ոչ կոմպետենտ»: Նման արտահայտությունը մատնում է Ձեր բացասական, ոչ կառուցողական, կողմնակալ կարծիքը Ձեր գործընկերոջ մասին: Անկախ տվյալ մարդու բնավորությունից, նման վերաբերմունքը վնասում է թիմային ոգին և աշխատանքային մթնոլորտը:
«Սա չի մտնում իմ աշխատանքային նկարագրության մեջ»: Դուք հետաքրքրված չեք՝ օգտակար լինելու Ձեր կազմակերպությանը կամ ցանկություն չունեք՝ Ձեզ չնչին անհարմարություն պատճառել կազմակերպության համար:
«Դա իմ սխալը չէ»: Դուք փորձում եք պաշտպանել Ձեզ՝ մտահոգված չլինելով այդ խնդրով և կազմակերպության վրա ունեցած դրա բացասական հետևանքներով: Ձեզ միայն մտահոգում է Ձեր անձը և սեփական հեղինակությունը:
«Ես չեմ կարող»: Նման արտահայտությունը մատնում է բացասական վերաբերմունքը և օգնելու անպատրաստակամությունը: Այն նաև խոսում է գործընկերոջ կամ կազմակերպության կարիքների նկատմամբ պասիվության և անտարբերության մասին:
«Ես ատում եմ այս աշխատանքը»: Ա՜խ: Այս մեկը ցավ է պատճառում: Այսպիսով, Դուք այդտեղ աշխատում եք կամ այն պատճառով, որ մազոխիստ եք, կամ էլ ի վիճակի չեք որևէ այլ տեղ աշխատանք գտնել: Դուք պետք է սիրեք այդ աշխատանքը, որովհետև այն Ձեզ աշխատավարձ է վճարում՝ չնայած այլ տեղ աշխատանք գտնելու Ձեր անկարողությանը: Մինչդեռ, Դուք բարեկրթություն չունեք՝ սիրելու այն աշխատանքը, որն օգնում է Ձեզ՝ վճարել Ձեր հաշիվները:
Վերոհիշյալ բոլոր արտահայտությունները ցույց են տալիս ոչ կառուցողական, բացասական վերաբերմունք և մտածելակերպ: Բացասական արտահայտություններից ուղղակի խուսափելու փորձը չի փրկի իրավիճակը, քանի որ բացասական մտածողությունն ի վերջո գլուխ կբարձրացնի: Ամենաարդյունավետ մոտեցումը դրական վերաբերմունք զարգացնելն է՝ հիմնված ըմբռնման, հանդուրժողականության և սրտացավության վրա:
Հարութ Ներսեսսյան
ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ