«Ձախողումը դեպի ճշմարտություն տանող
առաջին ճանապարհն է»:
Լորդ Բայրոն
Բոլորիս կյանքում էլ լինում են ժամանակներ, երբ հանգամանքների բերումով կամ սեփական սխալների պատճառով կորուստներ կամ ձախողումներ ենք ունենում: Մեզանից շատերը կյանքի տարբեր շրջաններում «տանուլ են տալիս» իրենց համար թանկ փոխհարաբերություններ, ունեցվածք, հեղինակություն, աշխատանք կամ առողջություն:
Մենք հաճախ կսկիծով ենք հիշում այդ ամենը և դա մեզ ցավ է պատճառում: Շատերս չենք սիրում խոսել մեր ձախողումների մասին, ափսոսանքի զգացում ենք ունենում և փախչում ենք այդ հիշողություններից: Մենք շատ խոցելի ենք դառնում, երբ մարդիկ փորձում են քչփորել մեր վերքերը: Մեզանից ոմանք էլ, ճիշտ հակառակը, սիրում են անընդհատ դառնությամբ խոսել իրենց այդ վերքերի մասին, նույնանում են այդ կորուստների հետ՝ դրանց վրա դնելով իրենց ներկա խնդիրների ողջ պատասխանատվությունը:
Վստահ եմ այս ցավոտ մտորումների ժամանակ շատերիս մոտ գոնե մեկ անգամ մեծ փափագ է առաջացել ժամանակի մեքենա ունենալ և ետ բերել անցյալը: Մենք մեր մտքում կրկնել ենք այն «ճիշտ» խոսքերը կամ պատկերացրել այն վարվելակերպը, որ կդրսևորեինք, եթե նորից հնարավորություն ունենայինք հայտնվելու այդ իրավիճակում: Բայց, ցավոք, անցյալը ետ չես բերի:
Այնուամենայնիվ, ուզում եմ այս հարցը ուղղել ինձ և քեզ.
-Կցանկանայի՞ր արդյոք ետ բերել ժամանակը և վերականգնել կորցրածը:
-Այո՛ (իմ անկեղծ պատասխանը):
Եթե շարունակում ես ընթերցել, կա ևս մեկ հարց, որ ցանկանում եմ ուղղել ինձ և քեզ:
Սակայն մինչ այդ հարցին հասնելը, թույլ տուր նաև անդրադառնալ «մեդալի մյուս կողմին»:
Մինչ փորձում էի ոգեշնչվել՝ գրելու այն, ինչ հիմա կարդում ես, մի հետաքրքիր «երկրաբանական» փաստի հանդիպեցի. «Ադամանդը ոչ այլ ինչ է, քան ածուխի մի կտոր, որը պարզապես կարողացել է հաջողությամբ տանել երկրի ընդերքի կրակն և ճնշումը»: Ադամանդը կամ նախկին ածուխը, կամա թե ակամա, մեզ լուրջ դաս ունի սովորեցնելու: Եկ թույլ չտանք, որ անհաջողության կամ ձախողման կրակը մեզ լցնի հոռետեսությամբ և դառնությամբ: Թույլ տանք, որ այն մաքրի մեզ:
Անկախ նրանից, թե կյանքում ինչպիսի ձախողումների մեջ ենք մենք հայտնվում, կամ ինչ ենք կորցնում, դրանց մեջ միշտ շատ ավելի արժեքավոր բան է թաքնված: Երբեմն չափազանց դժվար է գտնել կամ տեսնել այն: Սակայն մենք կարող ենք բացահայտել այդ թաքնված գանձը, եթե իսկապես որոշում կայացնենք փնտրել:
Շատերը, աննահանջ փնտրելով կորստյան ետևում թաքնված այդ գանձերը, ժամանակի ընթացքում գտնում են հոգու տոկունություն, իմաստություն, հասունություն, համբերատարություն, խոնարհություն, նորը ստեղծելու ուժ, նույն խնդրի միջով անցնող մարդկանց ապրումակցելու կարողություն, ներողամտություն և շատ այլ անգնահատելի հատկանիշներ: Այս ամենը տեղի է ունենում, երբ մարդիկ ցանկացած իրավիճակում պատասխանատվություն են վերցնում սեփական քայլերի համար՝ ուրիշներին մեղադրելու փոխարեն, սովորում են իրենց սխալներից՝ ինքնադատապարտման փոխարեն, և փորձում են նոր լուծումներ փնտրել՝ նայելով առաջ: Օրինակ, եթե կոպիտ սխալի համար ինչ-որ մեկը հեռացվում է աշխատանքից, փոխանակ մեղադրելու իր ղեկավարին, ասենք, իրեն առանց աշխատանքի թողնելու կամ գործընկերներին՝ իր թիկունքին չկանգնելու համար, նա կարող է որոշել՝ պատասխանատվություն վերցնել սեփական արարքի համար, ինքնադատապարտման փոխարեն՝ դաս քաղել պատահածից, իսկ հուսահատության փոխարեն՝ փնտրել նոր աշխատանքի հնարավորություններ:
Հիմա հնչեցնեմ խոստացված հարցը, որն ուղղված է ինձ և քեզ.
-Կցանկանայի՞ր արդյոք ետ բերել ժամանակը և վերադարձնել կորցրածը՝ նորից դառնալով այն անձը, ով ուներ այդ ամենը:
-Ո՛չ (իմ անկեղծ պատասխանը):
Իմ ունեցած «կորուստները» ես փոխանակել եմ այնպիսի մնայուն արժեքների հետ, որոնք շատ ավելի թանկ են այն ամենից, ինչ տանուլ եմ տվել:
Քրիստինա Սիմոնյան
Անձնային զարգացման քոուչ