«Ծարավը ստեղծվել է ջրի համար,
հարցումը՝ ճշմարտության»:
C.S. Lewis / The Great Divorce
Մենք ուզում ենք, որ մարդիկ մեզ հետ ազնիվ և թափանցիկ լինեն՝ թե՛ անձնական, և թե՛ աշխատանքային հարաբերություններում: Մենք վստահում ենք նման մարդկանց և մեզ լավ ենք զգում՝ նրանց հետ աշխատելիս: Կյանքն անհամեմատ կառավարելի է դառնում, երբ մենք գիտենք ճշմարտությունը:
Մինչդեռ մենք հաճախ հանդիպում ենք մասնագետների, ովքեր չափազանցնում կամ անտեսում են կարևոր փաստերը և նույնիսկ բացահայտ ստում են: Պատճառն այն է, որ հաղորդակցվելիս մարդիկ ունենում են տարբեր շարժառիթներ, և հաճախ ճշմարտությունը նույնիսկ հաշվի չի էլ առնվում:
Անկեղծ լինենք ինքներս մեզ հետ և չբացառենք, որ դա կարող է պատահել մեզանից յուրաքանչյուրի հետ:
Եկեք դիտարկենք հետևյալը.
- Հագուստ վաճառողը պնդում է, որ Ձեր հագած զգեստը Ձեզ կատարելապես սազում է: Նրա միակ նպատակը զգեստը վաճառելն է՝ անկախ նրանից, թե որքան լավ կամ վատ այն կարող է դիտվել Ձեզ վրա:
- Երբ ատամնաբույժը զննում է Ձեր ատամները, նա քննադատում է իր նախորդ գործընկերոջ արած աշխատանքը: Նա ցանկանում է, որ Դուք դառնաք իր հաճախորդը:
- Իր հաճախորդին պաշտպանող փաստաբանի միակ նպատակը նրան արդարացնելն է, անկախ նրանից, թե ով է մեղավոր:
- Նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական թեկնածուները քննադատում են իրենց ընդդիմադիրների առաջարկած ծրագրերը, անկախ նրանից, թե որքան խելամիտ են դրանք: Նրանց միակ նպատակը քարոզարշավում հաղթելն ու ընտրվելն է:
- Մենք ակնկալում ենք, որ լրատվամիջոցները լինեն օբյեկտիվ և անկողմնակալ: Սա լրագրողության հիմնարար մասնագիտական սկզբունքն է: Մինչդեռ, շատ հեռուստաընկերություններ և զանգվածային այլ լրատվամիջոցներ ներկայացնում են իրենց լրատվությունը՝ հոգուտ իրենց նախընտրած քաղաքական կուսակցության կամ գործչի: Ֆինանսական մղում ունեցող լրատվամիջոցները նորությունները մատուցում են սենսացիայի ձևով՝ իրենց վարկանիշն ու եկամուտները բարձրացնելու համար: Օբյեկտիվ ճշմարտության փնտրտուքները ետին պլան են մղվում:
Ճշմարտությունը բացահայտելու և առաջ տանելու ցանկությունը հավասարապես հազվագյուտ երևույթ է անձնական և աշխատանքային հարաբերություններում:
Եկեք անդրադառնանք հետևյալ իրավիճակներին.
- Աշխատակիցն իր ձախողման համար մեղադրում է իր գործընկերներին և հանգամանքները:
- Մի կին կեղծավորությամբ հաճոյախոսում է իր ընկերուհուն նրա նոր կոշիկների համար: Նրա նպատակն է հաճույք պատճառել նոր կոշիկների հպարտ տիրուհուն:
- Գործընկերոջը վատաբանելով՝ աշխատակիցը փորձում է վնաս հասցնել այն մարդու հեղինակությանը, ումից սպառնալիք է զգում: Կամ նա ցանկանում է իր ղեկավարի վրա հավատարիմ աշխատակցի տպավորություն թողնել:
- Երբ մեզ խնդրում են բացատրել մեր սխալը կամ ոչ ճիշտ արարքը, մենք արագորեն կեղծ պատճառներ հորինելու մասնագետներ ենք դառնում՝ ճշմարտությունը թաքցնելու համար, որը կարող է մեզ վատ վիճակի մեջ դնել:
- Երբ վիճաբանում ենք որևէ խնդրի շուրջ, մեր առաջնային նպատակն է ապացուցել մեր ճշմարտացիությունը և խթանել մեր էգոն, սական չփնտրել ճշմարտությունը:
Այստեղ նույնպես ճշմարտությունը գտնելն ու տարածելը հաշվի չի առնվում:
Հասարակությունը բարձր գին է վճառում՝ տնտեսական, սոցիալական և անձնական ոլորտներում, կեղծիքների տարածման համար: Շարունակական անվստահությունը, թշնամությունը եւ համագործակցության բացակայությունը հանգեցնում են կոտրված հարաբերությունների, որակավորում չունեցող անձանց ընտրության և առաջխաղացման, վատ որոշումների, բարոյազրկված քաղաքացիների եւ չիրացված տաղանդների:
Մեզանից ոչ ոք չի ցանկանում, որ մեր բժիշկը մեզանից թաքցնի մեր առողջական խնդիրները, որպեսզի մենք մեզ լավ զգանք: Հիվանդությունը պետք է բացահայտվի և հաղթահարվի:
Չնայած դրա կարճաժամկետ օգուտներին՝ խոշոր հաշվով մենք բոլորս տուժում ենք այս համաճարակային կեղծիքից:
Ի վերջո, նրանք, ում ստում են, բացահայտում են թաքնված և կասկածելի շարժառիթները: Արդարացումները, կեղծ մեղադրանքները, չափազանցությունները, միտումնավոր բացթողումենրը և կոծկումները բացահայտվում են՝ դրանց հեղինակին տալով անվստահելի մարդու պիտակը: Նա հեղինակազրկվում է, նրա հարաբերությունները խզվում են և ստեղծված անվստահությունը տանում է անարդյունավետության և կոտրված երազանքների:
Մշտապես ասելով ճշմարտությունը, նույնիսկ, երբ դա անհարմար է, մենք վստահելի և ազնիվ մարդու հեղինակություն ենք վաստակում: Մեր խոսքերը արդյունքում ավելի ծանրակշիռ են դառնում և մարդիկ ավելի քան պատրաստակամ են լինում՝ գնելու մեր տեսակետներն ու ապրանքները:
Երբ հաղորդակցվում ենք, մեր առաջնային մտադրությունը պետք է լինի լսողի մոտ ճշմարտության ստույգ ըմբռնում առաջացնել՝ ասելով այն, ինչ իսկապես մտածում և զգում ենք, անկախ այլ կշռադատումներից: Ճշմարտախոսությունը փաստերի բարձրաձայնումը չէ, այլ լսողի համար ճշմարտության ստույգ ըմբռնման ապահովումն է: Սա ազատագրող փորձառություն է:
Ասա այն, ինչ նկատի ունես: Նկատի ունեցիր այն, ինչ ասում ես:
Ճշմարտությունը ազատագրում է մեզ:
Հարութ Ներսեսսյան
ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ