Ամուսնական երջանկությու՞ն: Չեմ հավատում:
Դա իսկապե՞ս հնարավոր է…
Յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ և կին երազում է ամուսնանալ այնպիսի մեկի հետ, ով իրեն հարատև երջանկություն կպարգևի: Ճիշտ մարդու հետ ամուսնանալը իսկապես երջանկություն է: Մյուս կողմից, սխալ անձի հետ ամուսնությունը մշտական դժբախտության է դատապարտում:
Վիճակագրությունը տխուր պատկեր ունի: Արևմտյան աշխարհի ամուսնությունների գրեթե կեսն ավարտվում է ամուսնալուծությամբ: Արևելյան երկրների զույգերը սոցիալական և տնտեսական պատճառներով ավելի քիչ են ամուսնալուծվում: Սակայն, զույգերի մեծամասնությունն իր փոխհարաբերություններում դժբախտ է և չբավարարված:
Այսպիսով, որպես կյանքի ընկեր ճիշտ անձի ընտրությունը խիստ կարևոր է:
Չնայած ոչ մի ուղեցույց հանդիսացող սկզբունք չի կարող ճիշտ ընտրություն երաշխավորել, իմաստուն մոտեցումը կարող է մեծացնել երջանիկ, լիարժեք և երակարատև ամուսնության հավանականությունը:
Ամուսնության որոշում կայացնելու գործընթացում պետք է հաշվի առնել հետևյալ 2 հանգամանքները.
- Առողջ հուզական վիճակը
- Զույգի համատեղելիությունը
Առողջ հուզական վիճակ
Ամուրիները սովորաբար ամուսնությունը համարում են ներքին բավարարվածության և երջանկության իրենց հույսը: Նրանք երջանիկ չեն իրենց կյանքով, չեն գտնում իրենց գոյության նպատակը կամ իմաստը և մտածում են, որ որևէ տղամարդ կամ կին կգա՝ նրանց փրկելու իրենց դժբախտությունից:
Մինչդեռ, ինքնավստահության պակաս ունեցող և հուզականորեն թերարժեք անձը, ով հուսահատորեն սիրո և ուշադրության կարոտ է, ի վիճակի չէ՝ անձնազոհ կերպով սիրելու իր զուգակցին:
Հուսահատությունից և ճարահատությունից դրդված ամուսնությունը ամենայն հավանականությամբ ավարտվում է բաժանման բուռն ցանկությամբ: Նման ուժգին հույզերից մարդու սթափ դատողությունը մթագնում է՝ նրան թույլ չտալով խելամիտ ընտրություններ կատարել:
Արժե հասկանալ, որ միայն ինքնավստահ և հուզականորեն լիարժեք մարդը կարող է սեր և ուրախություն բերել մեկ այլ մարդու:
Առողջ ամուսնությունը երկու անկախորեն լիարժեք անձանց միջև փոխհարաբերություն է, ովքեր հարստացնում են միմյանց կյանքը՝ իրար պարգևելով սեր, ուրախություն և փոխադարձ վերելք:
Մինչ մեկը կամուսնանա այլ անձի հետ, նա պետք է սիրի, ընդունի և ուրախությամբ ամուսնացած լինի ինքն իր հետ:
Համատեղելիություն
Ամուսնական զույգ ընտրելիս հաճախ տեղի է ունենում այս երկուսից մեկը.
- Կրքից և ռոմանտիկ սիրո հաճույքներից արբած երիտասարդները անտեսում են այն հատկանիշները, որոնք էական նշանակություն ունեն երջանիկ ամուսնության համար:
- Ավելի տարիքով մարդիկ հիմնում են իրենց որոշումները եսասիրական նկատառումների վրա, ինչպիսիք են հարուստ կենսակերպի խոստումը կամ հարսնացուի գեղեցկությունը:
Երկու մոտեցումներն էլ հղի են ապագա ամուսնական խնդիրներով: Ամուսնությունը ներառում է ավելին, քան ռոմանտիկ հարաբերությունները և գործնական նկատառումները: Ռոմանտիկ զգացումները ակնթարթորեն հօդս են ցնդում «անհամատեղելի տարբերությունների» առկայությունից: Ֆիզիկական գեղեցկությունը անպայմանորեն կկորցնի իր գրավչությունը, երբ դրա վրա ստվեր գցի անսանձ բնավորությունը:
Կոտրված սրտերը և տառապանքի անվերջ գիշերները կանխելու նպատակով ամուսնանալու որոշում կայացնող զույգը պետք է ազնվորեն և բացեիբաց մտորի այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են.
- Ինչպե՞ս յուրաքանչյուր անձ կարձագանքի այնպիսի ճգնաժամային իրավիճակներին, ինչպիսիք են ֆինանսները, առողջությունը և փոխհարաբերությունները: Ինչպե՞ս նրանցից յուրաքանչյուրը կարձագանքի տվյալ իրավիճակում մյուսի դիրքորոշմանը:
- Որքանո՞վ են տարբերվում յուրաքանչյուրի նախասիրությունները/հետաքրքրությունները, և որքա՞ն լավ կարող է նրանցից յուրաքանչյուրը հաղթահարել այդ տարբերությունները:
- Արդյո՞ք երկուսի կյանքի ուղիներն ու ձգտումները համատեղելի են: Կարո՞ղ են դրանք գոյակցել:
- Ի՞նչ է յուրաքանչյուր անձն ակնկալում ամուսնությունից և որքա՞ն լավ են այդ երկու տեսակետները համընկնում:
Արժե նշել, որ նման հարցերից խուսափելը՝ հույս ունենալով սանձել, փոխել, դաստիարակել և ձևափոխել ապագա ամուսնու աշխարհայացքը հիասթափություն է երաշխավորում: Անհատականություններն ու բնավորությունները, որոնք ձևավորվում են մարդու գեներից և դաստիարակությունից, հազվադեպ են փոխվում զուգընկերոջ ազդեցությունից: Կարմիր կովն իր կաշին չի փոխում:
Դժվար է ընտրել զուգընկեր, ում հետ մարդ կարող է ունենալ երջանիկ ու երկարատև փոխհարաբերություններ: Այն պետք է ներառի և՛ հուզական, և՛ ռացիոնալ նկատառումներ: Պետք է ներգրավված լինեն և՛ սիրտը, և՛ միտքը: Բացի «սիրահարված լինելուց» և միմյանց ընկերակցությունը վայելելուց զույգը պետք է հաշվի առնի համատեղելիությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արժեքները, կյանքի ձգտումները, հետաքրքրությունները, նախասիրությունները և սովորույթները:
Ցանկանու՞մ ես “մինչ ի մահ” լինել երջանիկ ամուսնության մեջ: Առաջարկում ենք.
- քննել քո հուզական վիճակը և համատեղելիությունը այն անձի հետ, ում հետ ուզում ես ամուսնանալ,
- աշխատել քեզ վրա,
- լինել իրատես:
Սրանք հաստատ կմեծացնեն ամուսնական երջանկության քո հնարավորությունները:
Հարութ և Սալբի Ներսեսսյաններ