Իսկական կինը գանձ է, եթե նրան ճիշտ վերաբերվես:
Երբ դու ինչ-որ լավ բանի մասին հոգ ես տանում,
Այն էլ քո մասին է հոգ տանում»:

Անանուն

Այսօր մարտի 8-ն է, այն օրը, երբ մենք մեր կանանց շոկոլադ և ծաղիկներ ենք նվիրում: Եթե ավելի առատաձեռն ենք, ապա նաև հաճոյախոսության մի քանի խոսք ենք շռայլում նրանց:

Հրավիրում եմ իմ տղամարդ ընկերներին պատկերացնել կյանքը առանց կանանց սփոփիչ հոգատարության, քնքուշ սիրո, անխռով ծառայության և գեղեցկացնող ներկայության: Կյանքը շատ խղճուկ և անհամ կլիներ կանանց բացակայությունից: Առանց մայրերի սիրառատ աջակցության մեր երեխաները կմեծանան՝ դառնալով հուզականորեն հաշմանդամ:

Կանայք աշխատասեր են և նվիրված: Նրանք շատ բան ունեն տալու երեխաներին ու մեծահակներին՝ տղամարդ, թե կին: Նրանց ներուժը լիարժեք բացահայտված չէ: Եթե նրանց բավականաչափ հնարավորություն տրվի, նրանք զգալիորեն կբարելավեն մեր համայնքներն ու առհասարակ՝ աշխարհը:

Կանայք ունեն երեխա ծնելու և մեծացնելու, իրենց ընտանիքներին սնելու և հոգ տանելու աստվածատուր պատասխանատվություն և համապատասխան հմտություններ: Նրանք լավագույնս օժտված են հոգատարությամբ և հուզական աջակցություն ապահովելու ամբողջ ընտանիքին: Նրանք նաև ի զորու են և կոչված են՝ անելու շատ  ավելին:

Ցավոք, դարերի պատմություն ունեցող մշակութային նորմերը և կաղապարները ետ են պահում կանանց՝ հասնելու իրենց ողջ ներուժին: Մեր միակ պատկերացումը նրանց մասին հետևյալն է. լինել երեխա բերող գործարան, մեծացնել երեխաներին, ճաշ պատրաստել, մաքրել և լվանալ: Մենք սահմանափակում ենք նրանց կրթությունը, որովհետև չենք ցանկանում, որ նրանք կարիերայում առաջընթաց ունենան: Մենք նրանց չենք քաջալերում՝ ռիսկի գնալ, ինչը չափազանց կարևոր է հաջողության հասնելու համար: Մենք հանդիմանում ենք նրանց՝ իրենց միտքը բարձրաձայնելու համար։ Որոշ հասարակություններ նույնիսկ սպանում են դեռ չծնված աղջիկ երեխաներին։

Տղամարդիկ անշուշտ կոչված են՝ պաշտպանելու ֆիզիկապես ավելի թույլ սեռի ներկայացուցիչներին։ Մինչդեռ, մենք երբեմն շփոթում ենք դա՝  նրանց որպես մեր ծառաներին վերաբերվելու արտոնության հետ։

Մենք մեծացնում ենք մեր երեխաներին երկակի չափանիշներով։ Մենք շատ բաներ ենք թույլ տալիս մեր տղաներին։ Մինչդեռ, աղջիկներին ենթարկում ենք վարքի և կարգապահության խիստ կանոնների։

Հիսուսը հեղափոխական էր։ Մի դարաշրջանում, երբ կանայք որևէ իրավունք չունեին, նա հավանություն չտվեց դրան՝ պաշտպանելով և պատվի արժանացնելով նրանց։ Հարություն առնելուց հետո նա առաջինը կանանց հայտնվեց։  Նա զինաթափեց և ամաչեցրեց նրանց, ովքեր պատրաստ էին քարկոծել մեղքի մեջ բռնված կնոջը։

Կանանց ճնշելն ու սահմանափակելը մեզ միայն վնաս կհասցնի։ Մեր երեխաները չեն ստանա այն լավագույն դաստիարակությունը, որ կարող են տալ հուզականորեն առողջ և կրթված մայրերը։ Մեր կազմակերպությունները բաց կթողնեն այն ինքնատիպ հեռանկարը, որ միայն ուժեղ կանայք կարող են ապահովել։ Ընկերությունները չեն շահի այն յուրահատուկ և հարստացնող ներդրումներից, որ միայն կիրթ և նվիրված կանայք կարող են կատարել։ Այնպիսի մի դարաշրջանում, երբ բարյացակամ ու տաղանդավոր առաջնորդները շատ քիչ են, կանանց առաջնորդի դիրքերից ետ պահելը միայն խորացնում է խնդիրը։

Մինչ մենք պատրաստում ենք ծաղիկների ու շոկոլադի փաթեթները, եկեք նաև դրանց մեջ դնենք անկեղծ հարգանք, ազատություն պարգևող ուժ, ոգեշնչող քաջալերանք և հաստատուն աջակցություն՝ հնարավորություն տալով նրանց հասնելու իրենց երազանքներին։ Կասկած չկա, որ արդյունքում մենք կվայելենք դրա առատ շահաբաժինը մեր ողջ կյանքի ընթացքում։

Անգլերենից թարգմանեց՝ Քրիստինա Սիմոնյանը

Harout Nercessian

Հեղինակ՝ Հարութ Ներսեսսյան
ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ

linkedin-512